Ապրիլյոթյան շնորհավորանքներ

Դիտումների քանակ՝ 5633

Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է, գարնանային ամենանվիրական  տոներից մեկը: Օրն ամփոփում է  գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված ոչ պաշտոնական միամսյակը: Տոնի առիթով ՀՊՏՀ լրատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է  բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների   հետ, ովքեր  յուրովի են արժևորել կնոջ դերն ու նշանակությունը մեր կյանքում, հղել բարեմաղթանքներ:

«Կինը կյանքի արարողն է, շարժիչ ուժը: Կինը վեհ արժեք է, որը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի: Տոնական օրերին մենք առավել քան ուշադիր ենք դառնում  կնոջ նկատմամբ, բայց պետք է այնպես անել, որ կնոջ հանդեպ  ուշադրությունը երբեք չպակասի՝ ողջ կյանքի ընթացքում: Ապրիլի 7-ը գեղեցիկ առիթ է՝ կնոջ նկատմամբ հարգանքը, սերը ևս մեկ անգամ արտահայտելու համար: Մեր մայրերին, կանանց և քույրերին մաղթում եմ առողջություն ու երջանկություն»:

Մարքեթինգի ամբիոնի վարիչ  Արարատ Զաքարյան

«Կինը ընտանիքի սյունն է, այն քնքուշ ու նուրբ էակը, որին պետք է միշտ հարգել ու սիրել: Ընտանիքի կինը մայր է, ով ունի մեծ առաքելություն՝ դաստիարակելու և կրթելու զավակներ, ովքեր  դառնում են հասարակության բանական ու արժանավոր անդամներ: Կնոջ կերպարը զուգորդվում  է բարության, նրբության, առաքինության ու գեղեցկության հետ: Մի խոսքով՝ կինը գեղեցիկի կրողն է: Մաղթում եմ, որ բոլոր կանայք առողջ ու երջանիկ լինեն, վայելեն մայրության բերկրանքը.  շնորհավոր ձեր տոնը»:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյան

«Կինն այն էակն է, ով  մարդուն թևեր է տալիս, ոգեշնչում ապրելու: Կնոջ ամբողջական  կերպարը մայրն է՝ ամենաբարի, ամենաներող ու քնքուշ էակը: Կինն արժանի է ուշադրության ու սիրուն: Նրա ամենամեծ արժանիքներից մեկն այն է, որ սերունդ է տալիս, զավակ պարգևում և դաստիարակում, ուստի ընտանիքում մեծ է նրա դերն ու նշանակությունը: Ընտանիքը ամուր է, եթե կինը խելամիտ է, նրբազգաց, բարի, հանդուրժող: Այս նվիրական տոնին մաղթում եմ, որ բոլոր կանայք սիրեն ու սիրված լինեն. շնորհավոր ապրիլի 7»:

Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ  Սիմոն Հակոբյան

Մենք ևս միանում ենք բոլոր բարի մաղթանքներին: Շնորհավոր ապրիլի 7…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին