ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելել են Երևանի թիվ 105 ավագ դպրոց
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Փիրուզա Մայիլյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանն ու մի խումբ ուսանողներ երեկ՝ ապրիլի 4-ին, այցելել են Երևանի թիվ 105 ավագ դպրոց (ՀՊՏՀ-ն ու թիվ 105 դպրոցը համագործակցում են):
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Փիրուզա Մայիլյանը, երեկվա այցից տպավորված են թե' ՀՊՏՀ-ականները, թե' աշակերտները:
«Հանդիպումը, մասնավորապես ավագ դասարանների աշակերտների հետ էր, ովքեր սովորում են տնտեսագիտական հոսքում և պատրաստվում են տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստանալ: Աշակերտներին ներկայացրեցինք մեր բուհում մատուցվող կրթական ծառայությունները,ընդունելության քննությունները, ֆակուլտետները, մասնագիտություններն ու մասնագիտացումները, գործող կրթաթոշակներն ու զեղչերը (սոցիալական ծրագրերը) և այլն: Աշակերտները լսում էին մեծ հետաքրքրությամբ, բուհի վերաբերյալ հարցեր ուղղում մեզ և ստանում սպառիչ պատասխաններ»,-ասաց տիկին Մայիլյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Լուսինե Կարագուլյանը ներկայացրել է Տնտեսագիտական համալսարանի փոխանակության ծրագրերը, օտարերկրյա բուհերի հետ համագործակցությունը, իսկ ՀՊՏՀ ուսանողները աշակերտներին լուսապատկերի միջոցով ցույց են տվել մեր համալսարանի կառուցվածքը, հիմնական ստորաբաժանումները, համալսարանի գրավիչ ու նորաոճ բակը, լսարանները, բուֆետը և այլն: Աշակերտների մի մասը նշել է, որ արդեն որոշել է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Նշենք, որ համագործակցության շրջանակներում այցերը շարունակական բնույթ են կրում, Փիրուզա Մայիլյանի փոխանցմամբ՝ առաջիկայում նախատեսվում է վերոնշյալ դպրոցի աշակերտների այցը ՀՊՏՀ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին