Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը անցկացրեց հերթական սեմինար-դասընթացը
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ հերթական սեմինար-դասընթացը, որի նպատակն է ուսանողներին, մասնավորապես բարձր և ավարտական կուրսերի ուսանողներին տեղեկացնել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու առանձնահատկություններին, հաջող հարցազրույցի ներկայանալու հմտությունները:
Կենտրոնի առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց ազդեցիկ ինքնակենսագրական գրելու մի քանի կարևոր քայլեր, բացատրեց ինքնակենսագրականի (CV,resume) տեսակները (ենթակարգերը), դրանց բովանդակային տարբերությունները: Նա պատասխանեց ուսանողների հարցերին, դասընթացն անցավ ինտերակտիվ՝ հարցուպատասխանի մթնոլորտում:
Ինչպես նշեցին սեմինարի մասնակից ուսանողները՝ դասընթացը հետաքրքիր և օգտակար է, օգնում է իրենց՝ գործատուին դիմելիս հնարավորինս ներկայանալի լինել:
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 28-ին, ժամը 15.00-ին կկայանա սեմինար-դասընթացի 2-րդ մասը, որի ընթացքում հատուկ հյուրը մասնագիտական փորձի հիման վրա ուսանողներին կներկայացնի հաջող հարցազրույցի ներկայանալու գաղտնիքները:
Նշենք, որ այս թեմաներով սեմինար-դասընթացներ տվյալ կենտրոնը կազմակերպում է պարբերաբար, դրանց մասնակցում են նորանոր ուսանողներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին