Գիտական խորհրդի հերթական նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավելի հարցեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի երեկվա նիստի օրակարգը բավական հագեցած էր, քննարկվեցին մեկ տասնյակից ավելի հարցեր:
Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց «2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ու մեր խնդիրները» և «Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին» հարցերը: Առաջին հարցի վերաբերյալ պրոռեկտորը շեշտեց, որ առաջին կիսամյակի քննական գործընթացը կազմակերպվել է ժամանակին, արտառոց դեպքեր չեն արձանագրվել, իսկ ի ի հայտ եկած խնդիրներին էլ օպերատիվ լուծումներ են տրվել: Նա հանգամանորեն ներկայացրեց բոլոր կրթաձևերի ուղղություններով արձանագրված արդյունքները, անդրադարձավ բացթողումներին: Երկրորդ հարցի վերաբերյալ Միհրդատ Հարությունյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման աշխատանքներն ընթանում են համաձայն կարգի և շուտով ԿԳ նախարարին կներկայացվեն հանձնաժողովների կազմերը: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորը ներկայացրեց նաև «ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը քննարկելու և հաստատելու մասին» հարցը:
Ուսանողական գիտական ընկերության խորհրդի 2013թ հաշվետվությունը ներկայացրեց ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքը, համագործակցությունն այլ բուհերի ՈՒԳԸ-ների հետ: ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը ներկայացրեց «Որակի ապահովման աշխատանքների դրվածքը ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում» հարցը՝ նշելով, որ պատրաստվել են մասնաճյուղերի ինքնավերլուծությունները, որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ենթարկվելու են արտաքին գնահատման, ապա լինելու է փորձագիտական այց մասնաճյուղեր:
«Պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» և «Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» մասնագիտացումների բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննությունների առարկայական ցանկը հաստատելու մասին հարցը ներկայացրեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց «Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ կանոնակարգը քննարկելու և հաստատելու մասին», «ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նախագծի հայտը երաշխավորելու մասին», «Գիտական կազմակերպության, առանձնացված գիտական կամ գիտակրթական ստորաբաժանման (ընդհանուր օգտագործման կենտրոնի, լաբորատորիայի) գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերի հայտերը երաշխավորելու մասին» հարցերը:
Գիտական խորհուրդը ներկայացված հարցերը և հաղորդումները լսելուց, քննարկելուց հետո քվեարկությամբ հաստատեց առաջարկված որոշումների նախագծերը: Այնուհետև գիտխորհուրդը քննարկեց ու հաստատեց ատենախոսությունների թեմաներ ու գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը, հրատարակության երաշխավորեց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Դիանա Գալոյանի «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ասպեկտները» մենագրությունը: Փակ քվեարկության դրվեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Նորիկ Զաքոյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ԲՈՀ-ին միջնորդելու մասին հարցը: Նիստին մասնակից գիտական խորհրդի 52 անդամներից 52-ն էլ «կողմ» քվեարկեցին:
Առաջիկայում ՀՊՏՀ կայքում կներկայացվեն հաստատված կարգերն ու մյուս փաստաթղթերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին