Տեղի ունեցավ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կազմակերպած հերթական սեմինար-դասընթացը

Դիտումների քանակ՝ 1239

ՀՊՏՀ-ում այսօր կայացավ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնած հերթական սեմինար-դասընթացը, որը նպատակ ունի ուսանողների, մասնավորապես բարձր կուրսերում սովորողների և շրջանավարտների մոտ զարգացնելու ինքնակենսագրական (ռեզյումե, CV ), մոտիվացիոն նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն գրելու, ինչպես նաև աշխատանքային հարցազրույցի ներկայանալու հմտությունները:

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը ուսանողներին ներկայացրեց կարևոր և անհրաժեշտ տեղեկություններ՝ ինքնակենսագրական, էլեկտրոնային հաղորդագրություն  գրելու մասին, իսկ գլխավոր մասնագետ Հերմինե Ղարագուլյանը՝ մոտիվացիոն նամակ գրելու առանձնահատկությունները, տեսակները և այլն: Ուսանողները տեղեկացան, թե հիմնականում  ինչ պետք է նկատի ունենալ գործատուին դիմելուց առաջ, ինչպես կառուցել դիմում-փաստաթղթերը: Բանախոսները ընդգծեցին, որ պետք է հաշվի առնել գործատուի պահանջները և դիմում փաստաթուղթը ներկայացնել ըստ այդ պահանջների: Վերջում սեմինարավարները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Սեմինար-դասընթացի կազմակերպիչների փոխանցմամբ՝ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ ունեն և  նպատակ ունեն օգնելու  մեր ուսանողներին՝  աշխատանք գտնելու ճանապարհին պատշաճ ներկայանալ գործատուին և լավագույնս արտահայտել գիտելիքները, հմտությունները:

Նշենք, որ սեմինար-դասընթացը բաղկացած է երկու մասից:  Առաջին մասը կայացավ այսօր, իսկ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 15.00-16.00-ն  տեղի կունենա դասընթացի երկրորդ մասը, որի ընթացքում ուսանողներին կներկայացվի աշխատանքային հարցազրույցի, դրա  տեսակների մասին կարևոր տեղեկություններ: Դասընթացը կվարի հատուկ հյուր՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ անձնակազմի համալրման բաժնի մասնագետ Դիանա Հովհաննիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին