ՌԴ հեղինակավոր հետազոտական կենտրոնից «Ամբերդի» «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրենը միջազգային դասընթաց-աշխատաժողովի հրավեր է ստացել

Դիտումների քանակ՝ 1202

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը միջազգային ասպարեզում ներկայանալու հերթական առիթն է ստացել: Կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը, հաղթահարելով ընտրական փուլը, պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու «Համացանցի գլոբալ կառավարումը և միջազգային տեղեկատվական անվտանգությունը» միջազգային վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

Դասընթացը կազմակերպում է Ռուսաստանի ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկը՝ Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (ПИР-Центр). դասընթացը նախատեսված է համապատասխան ոլորտի մինչև 35 տարեկան երիտասարդ փորձագետների համար:

Ինչպես հայտնում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, ծրագրի համար դիմորդների ընտրությունը կատարվել է բավականին խիստ չափորոշիչներով, իսկ մասնակցության հրավեր են ստացել ընդամենը 16 փորձագետներ (8-ը՝ ՌԴ-ից, 8-ը՝ այլ երկրներից): Վերապատրաստման դասընթացը ենթադրում է կիբեռանվտանգության, համակարգչային/համացանցային հանցավորության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, անհատական տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ՌԴ և արտերկրի ճանաչված փորձագետների և համապատասխան ոլորտի պետական պաշտոնյաների դասախոսություններ, ինչպես նաև՝ աշխատանքային քննարկումներ, թեմատիկ շնորհանդեսներ, աշխատանքային այցելություններ համապատասխան գիտական, հետազոտական, վերլուծական հաստատություններ և այլն: Կեցության (հյուրանոցի և սննդի) ծախսերն ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը նշեց, որ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներն ուսումնասիրվում են նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում և իր մասնակցությունը նշված միջոցառմանը, ստացած փորձն ու միջազգային կապերը կնպաստեն վերոնշյալ ոլորտում իրենց կողմից իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը, ՀՊՏՀ և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ճանաչմանն ու միջազգայնացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին