Ինչպե՞ս ներկայանալ աշխատանքի ընդունման հարցազրույցի. սեմինար-դասընթաց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1444

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  կայացավ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված և երեկվանից մեկնարկած սեմինար-դասընթացի 2-րդ մասը, որի նպատակն է աշխատանք փնտրող ուսանողներին հաղորդել մի շարք կարևոր տեղեկություններ: Այսօրվա սեմինարը վարեց «ՊրոԿրեդիտ Բանկի» անձակազմի  համալրման բաժնի ղեկավար Մարիամ Համբարձումյանը, ով մեր բուհում էր կարիերայի և մարքեթինգի կենտրոնի  հրավերով:

«Ողջունելի է, որ համալսարանը նախաձեռնում է նման միջոցառումներ, որոնք  օգնում են ուսանողներին  բուհն ավարտելուց հետո  գործատուներին լավագույնս ներկայանալու»,-մասնակիցներին  ասաց «ՊրոԿրեդիտ Բանկի» ներկայացուցիչը:

Դասընթացի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին աշխատանքի ընդունման հարցազրույցի տեսակները, ներկայանալու կարևոր պայմանները, հաջող հարցազրույց ունենալու մի քանի  գաղտնիքներ: Մարիամ Համբարձումյանը, իր մասնագիտական երկարամյա փորձից ելնելով՝ պատմեց, թե ինչ է ցանկալի և ինչ ցանկալի չէ անել հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ գործատուի մոտ պետք է գնալ ներկայանալի, պատշաճ տեսքով, խուսափել ուշադրություն շեղող բոլոր հանգամանքներից, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա կենտրոնանալու միմիայն  դիմողի գիտելիքների վրա և կարողանա ճիշտ գնահատել այն:

Սեմինար-դասընթացին մասնակցող ուսանողները ողջունեցին նմանատիպ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս իրենց ստանալ այն տեղեկությունները, որոնք չեն կարող ստանալ մեկ այլ ձևով (քանի որ դասընթացը վարում են փորձառու մասնագետներ):

«Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կազմակերպած դասընթացը հագեցած էր հետաքրքիր տեղեկություններով, որոնք մենք անպայման կօգտագործենք հետագայում: Դասընթացի 2 մասերին էլ մասնակցել եմ: Շատ շնորհակալ ենք թե' կենտրոնի աշխատակիցներին, թե' Մարիամ Համբարձումյանին՝ իր մասնագիտական փորձը մեզ հետ կիսելու համար»,- լրատվության և հասարակյնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողնուհի Քնարիկ Եդիգարյանը:

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ սեմինար-դասընթացների կազմակերպումը շարունակական է լինելու, առաջիկայում ևս կհրավիրվեն փորձառու մասնագետներ, ովքեր իրենց խորհուրդներով կօգնեն հատկապես մեր շրջանավարտներին՝ ճիշտ կողմնորոշվելու աշխատանք փնտրելիս:

Հիշեցնենք, որ սեմինար-դասընթացը կազմված էր 2 մասից. 1-ին մասում ուսանողներին ներկայացվեց ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ գրելու, 2-րդ մասում՝ աշխատանքի ընդունման հարցազրույցի առանձնահատկություները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին