«Ինգո Արմենիա»-ն՝ որպես գործատու. հանդիպում ուսանողության հետ
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլետի թիվ 206 լսարանում այսօր ապահովագրական գործ մասնագիտության, ինչպես նաև մյուս մասնագիտությունների ուսանողները հանդիպեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ: Ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Զաքար Կիրակոսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ իրենց ֆակուլտետը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանում գործատուների հետ և միևնույն ժամանակ կարևորում է անմիջական շփումը, որի ընթացքում ուսանողը հասու է դառնում այն մանրամասներին և պահանջներին, որոնք առաջադրվում են իրեն՝ որպես ապագա աշխատակցի: Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասլանյանը ուսանողներին հորդորեց ուշադիր լսել ու հարցեր ուղղել բանախոսին՝ մանրամասնորեն տեղեկանալու համար ոլորտի հիմնական խնդիրներին, գործատուի դիրքորոշմանն ու պահանջներին:
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Կարինե Յոլյանը (ներկա էր նաև բաժնի մասնագետ Նաիրա Զուրաբյանը) համառոտ անդրադարձավ իրենց ընկերության գործունեությանը (առաքելությանը, արժեքներին, հայաստանյան ապահովագրական շուկայում նրա զբաղեցրած դիրքին), ապա ներկայացրեց «Ինգո Արմենիա»-ն որպես գործատու՝ իր կազմակերպաիրաավական կառուցվածքով, ղեկավար անձնակազմով: Նա նշեց, որ ընկերության գործադիր տնօրենի տեղակալներ Արևշատ Մելիքսեթյանը և Սամվել Մարգարյանը մեր համալսարանի շրջանավարտներ են: Ի դեպ՝ ղեկավար անձնակազմի մասնավոր օրինակներով բանախոսը արտացոլեց ինքնուրույն առաջխաղացման բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են ընկերությունում: Նա մասնավորապես կանգ առավ այն պահանջների վրա, որոնցով առաջնորդվում են աշխատակից ընտրելիս և ասաց, որ ուսանողների փորձառության ընթացքում իրենք կատարում են ընտրություն և ապա թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում հրավիրում նրանց:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Կարինե Յոլյանը նշեց, որ իրենց այցի նպատակն է ընկերության փորձի հիման վրա ցույց տալ ուղղվածությունը դեպի ուսանողը, ուշադրություն հրավիրել իրենց պահանջների վրա և այն կարողությունների, որոնցով պետք է օժտված լինի ընկերությունում աշխատել ցանկացող յուրաքանչյուր անձ: Այդ շարքում նա կարևորեց հայերենին և ռուսերենին փայլուն տիրապետելը:
Ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարի ելույթից հետո ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նրան և ստացան սպառիչ պատասխաններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին