ՀՊՏՀ աշխատակիցը՝ Հայաստանի հնգակի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1150

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի 2014թ. սեղանի թենիսի անհատական առաջնությունում դարձել է չեմպիոն՝ 4:1 հաշվով առավելության հասնելով մրցակից Ալեքսանդր Դիարյանի նկատմամբ: Մեր աշխատակիցն արդեն 5-րդ անգամ է նվաճում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մեսրոպ Ղուկասյանը նշեց, որ հաճելի է հաղթանակի բերկրանքը կրկին վայելելը: «Հաղթանակի հասնելու համար կարևոր է ինչպես լավ մարզական, այնպես էլ  հոգեբանական վիճակը, հաղթական տրամադրվածությունը: Սեղանի թենիսը շատ հետաքրքիր և միաժամանակ մեծ լարում պահանջող մարզաձև է, պետք է լինել առավելագույնս ուշադիր: Նշեմ նաև, որ մարզաձևը շատ օգտակար է առողջ ապրելակերպի առումով (ինչպես օրինակ՝ տեսողության բարելավման, շաքարային դիաբետի զարգացումը կանխելու  համար և այլն)»,-ընդգծեց չեմպիոնը:

Մեսրոպ Ղուկասյանը նաև նշեց, որ ցանկություն ունի  մասնակցելու կայանալիք  Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին:  «Թենիսի խմբակներում մարզվող ուսանողները առաջիկայում կմասնակցեն հանրապետական խաղերին, և հույս ունենք, կարդարացնեն մեր սպասելիքները: Մարզաձևը պետք է դարձնել  մասսայական, ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը մրցումներին »,-ամփոփեց Մեսրոպ Ղուկասյանը:

Ուրախալի է, որ ՀՊՏՀ-ում  դասավանդող դասախոսները մասնագիտական  հաջողություններ են ունենում նաև բուհից դուրս, լավագույն փորձը ներդնում բուհում: Շնորհավորում ենք մեր երիտասարդ դասախոսին, մաղթում մարզական նոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին