ՀՊՏՀ-ում մեկնարկել է ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացը. դասերը սկսվելու են փետրվարի 10-ին

Դիտումների քանակ՝ 978

Մեր բուհում այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է բակալավրիատի  ուսանողների  ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացը, այսօր քննություն են հանձնում նաև հեռակա ուսուցման 5-րդ կուրսերի ուսանողները:  Առկա ուսուցման քննություններն ավարտվել են հունվարի 24-ին:

«Քննություններն անցել են պատշաճ մակարդակով, ըստ քննագրաֆիկների, արտառոց, չնախատեսված դեպքեր չեն արձանագրվել»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Փետրվարի 1-ից 7-ը կընթանա ակադեմիական պարտքերի վերահանձնման 1-ին փուլը: Այն ուսանողները, ովքեր 1-ին փուլում չեն հաղթահարի սահմանված միավորային շեմը, իրավունք կունենան մասնակցելու ակադեմիական պարտքերի վերահանձնման 2-րդ փուլին, որը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում:

Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննությունների ընթացքում կատարած շրջայցերից հավաստիացել է, որ, ընդհանուր առմամբ, ուսանողների պատրաստվածությունը պատշաճ  մակարդակի էր:

Հավելենք, որ բոլոր ուսանողները, այդ թվում և առաջին կուրսեցիները,  2-րդ կիսամյակի ուսման վարձավճարի զեղչի դիմումները (համապատասխան փաստաթղթերով) կարող են ներկայացնել կիսամյակի մեկնարկից սկսած՝  մինչև մարտ ամսվա ավարտը:

Երկրորդ կիսամյակի դասերը  մեկնարկելու են փետրվարի 10-ին: Դեկանների փոխանցմամբ՝ արդեն պատրաստ են դասացուցակները. հաստատվելուց հետո դրանք կհրապարակենք նաև բուհի պաշտոնական կայքում:

Մինչ դասերի մեկնարկը մեր ուսանողները մի քանի օր ունեն, ուստի մաղթում ենք հաճելի հանգիստ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին