ՀՊՏՀ-ն նվաճեց «Դասախոսական գավաթը». ավարտվեց վոլեյբոլի միջբուհական առաջնությունը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 999

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կայացան  ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպված «Դասախոսական գավաթ»  վոլեյբոլի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլի  վերջին երկու խաղերը, որի ընթացքում հանդիպեցին   ՀԱԱՀ-ԵՊԼՀ և ՀՊՏՀ-ՀՊՄՀ  թիմերը:

Այսօրվա  խաղերին  հետևում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՊՄՀ շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը,  դասախոսներ, ուսանողներ, մարզասերներ: Մասնակիցներին ողջունեցին , սպորտի հանդեպ վերաբերմունքը կարևորեցին ռեկտոր Կորյուն Աթոյանն ու Սմբատ Լպուտյանը՝ ընդգծելով նման միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը:

Այսօրվա երկու խաղերն էլ լարված էին, բայց գեղեցիկ: Առաջին խաղում հանդես եկան ՀԱԱՀ-ԵՊԼՀ  թիմերը, երկրորդ խաղում գավաթի համար պայքար մղեցին  ՀՊՏՀ-ՀՊՄՀ թիմերը:  Այսպիսով, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ 1-ին տեղը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար զբաղեցրեցին Հայաստանի պետական մանկավարժական և Երևանի պետական լեզվաբանական համալսարանների թիմերը: ՀՊՏՀ դասախոսական թիմը սեփական հարկի տակ նվաճեց «Դասախոսական գավաթը», որը հանձնեց ՀՊՏՀ ղեկավարը:

Կորյուն Աթոյանը, Սմբատ  Լպուտյանը և Տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և  ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը պատվոգրեր հանձնեցին  մրցանակային տեղեր զբաղեցրած  թիմերի անդամներին, պարգևներ տրվեցին նաև  հատուկ անվանակարգերում. օրինակ , «Արդարացի խաղի համար» պատվոգիր ստացավ  ՀՊՃՀ-ի թիմը, «Կամքի համար»  անվանակարգում պատվոգիր ստացավ  Ագրարային համալսարանի թիմը:

Հարկ է նշել, որ  առաջնության բոլոր  հանդիպումներում թիմերից յուրաքանչյուրն աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով: Կորյուն Աթոյանը խաղի ավարտին շնորհակալություն հայտնեց  բոլոր թիմերին՝ ընդգծելով, որ այս առաջնությունում հաղթեց բարեկամությունը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ  ամբիոնի նախաձեռնությամբ հունվարի 23-ին մեր բուհում մեկնարկել էր  վոլեյբոլի բաց առաջնություն՝  հայաստանյան տարբեր  բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսների միջև: Նշենք նաև, որ առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի՝  Տնտեսագիտական, Ագրարային, Ճարտարագիտական, Մանկավարժական, Լեզվաբանական համալսարանների  դասախոսական թիմերը:

Շնորհավորում  ենք բոլոր թիմերին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին