ՀՊՏՀ ուսանողները՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի ուսանողական մրցույթի մրցանակակիրներ (նոր լուսանկարներ)
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ Աննա Ղալայանն ու Լուսինե Խաչատրյանը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից կազմակերպված «Ապահովագրությամբ հետաքրքրվող ուսանողների մրցույթում» գրավել են համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը, արժանացել պատվոգրերի և դրամական պարգևների (երեք հարյուր հազար դրամ և հարյուր հազար դրամ): Աննա Ղալայանը նաև իրավունք է ստացել առաջիկայում «Ռոսգոսստրախի» մայր ընկերությունում՝ Մոսկվայում, մասնակցելու եռօրյա փորձառության: Նույն մրցույթում մեր բուհի ուսանող Լևոն Անդրանիկի Քոչարյանն արժանացել է պատվոգրի: Հիշեցնենք, որ նա և մեր բուհի մեկ այլ ուսանող՝ Հակոբ Կլեկչյանը, ավելի վաղ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության կողմից կրթաթոշակների էին արժանացել:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է հունվարի 31-ին: Վերոնշյալ ապահովագրական ընկերության կազմակերպած մրցույթը բաղկացած էր մի քանի փուլերից, վերջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեին ծրագիր, որը նորություն կլինի ապահովագրական շուկայում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց մրցանակակիրների հետ: «Ապահովագրությամբ հետաքրքրվող ուսանողների մրցույթում» 1-ին տեղը գրաված Աննա Ղալայանը նշեց, որ ներկայացրել է «Կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն» թեմայով աշխատանք, իսկ մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրած Լուսինե Խաչատրյանն ասաց, որ մրցույթին ներկայացրել է «Վարձակալված բնակարանների ապահովագրություն» թեման ՝ ուսումնասիրելով միջազգային երկրների փորձը: Լուսինեն ընդգծեց, որ իր թեման ուղղակիորեն առնչվում է բնակարանների վարձակալության հարցը օրենսդրական դաշտ տեղափոխելուն:
Ուսանողուհիները նշեցին, որ մրցույթից շատ տպավորված են, երկուսն էլ կարևորեցին մասնակցության արդյունավետությունը՝ տեսական և գործնական գիտելիքների հարստացման առումով: «Մրցույթը շատ հետաքրքիր էր և օգտակար, այն բացառիկ հնարավորություն էր՝ որոշակի թեմայի շրջանակներում մանրամասն ուսումնասիրություն կատարելու համար: Ցանկանում եմ կարևորել նաև այն, որ յուրացրեցինք «Ռոսգոսստրախ» ընկերության առաջատար մասնագետների փորձը, կատարեցինք սոցիոլոգիական հարցումներ» - ընդգծեց Աննան:
Աննայի՝ մրցույթում արձանագրած ևս մեկ հաջողության անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ուսանողուհին-դարձել-է-ռոսգոսստրախ-արմենիա-ի-մրցանակակիր-1340:
Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աննա Ասլանյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ գրագետ կադրերի պահանջարկ հայաստանյան շուկայում իսկապես կա, լավ մասնագետը միշտ էլ գնահատվում է ըստ արժանվույն:
«Համագործակցում ենք մի քանի առաջատար կազմակերպությունների հետ, հաճախակի զանգեր ենք ստանում տարբեր ընկերություններից, որոնց ներկայացուցիչները մեզնից պահանջում են որակյալ կադրեր՝ ուսանողներ, որոնք հետագայում կդառնան տվյալ կազմակերպության աշխատակիցները: Ապահովագրական գործ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի և մեր ուսանողներից շատերն աչքի են ընկնում մասնագիտական հաջողություններով»,-ասաց Աննա Ասլանյանը:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում մասնագիտական առաջխաղացում:
Հ.Գ. Նոր լուսանկարները տրամադրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին