ՀՊՏՀ ուսանողը «Photoman-2013» միջազգային լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը

Դիտումների քանակ՝ 817

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող Արման Հարությունյանը Արևելյան գործընկերության  «Photoman-2013»  միջազգային լուսանկարչական մրցույթում  զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը՝ 7677,3  միավորով: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են երեկ՝ հունվարի 29-ին, և  մեր ուսանողը, որպես մրցանակ, ստացել է անձնական կայք- այցեքարտ: Նշենք, որ «Գրան պրի» մրցանակին արժանացել է  մրցույթի վրացի մասնակիցը:

Ինչպես լրատվության և հասարականության հետ կապերի բաժնին  տեղեկացրեց Արման Հարությունյանը, նա  մրցույթի բոլոր 4 փուլերում առաջատար է եղել, ներկայացրել է  լուսանկարներ՝ տարբեր թեմաներով  և որ ամենակարևորն է՝ արված սիրով և մեծ հաճույքով:

«Մրցույթն ինձ համար իսկապես շատ հետաքրքիր էր: Մասնակցությունից առաջ էլ մրցանակային տեղ զբաղեցնելու հույս ունեի, որն  արդարացավ: Ինձ համար էականն այն է, որ տարբեր երկրների լուսանկարիչների հետ մրցակցությունում պատվով դուրս եկա: Լուսանկարչության հանդեպ սերս շատ մեծ է, այն ինձ համար ավելին է, քան հոբբին: «Photoman» մրցույթն ինձ հնարավորություն տվեց բացահայտելու ինքս ինձ, կարողություններս, ստեղծագործական միտքս: Հասկացա, որ որոշակի թեմայի շրջանակներում կարող եմ արագ կողմնորոշվել ու ստանալ հետաքրքիր լուսանկարներ՝ դրանցում արտացոլելով  գեղեցիկ երևույթներ: Կայքը, որը ստացել եմ որպես մրցանակ և շուտով գործարկվելու է, օգտագործելու եմ լուսանկարչական հմտություններս  զարգացնելու  համար: Կայքում կլինեն իմ հեղինակային լուսանկարները, գաղափարները, այն կլինի իմ՝ լուսանկարչի այցեքարտը, որը, հուսով եմ,  կնպաստի իմ լուսանկարչական գործունեությանը»,-ասաց Արմանը:

Ի դեպ, փետրվարի 4-ին կայանալու է առցանց մրցանակաբաշխությունը, որը համապատասխան մրցանակները հատկացնելու է հաղթողներին: Մեր ուսանողն, ըստ նախատեսվածի, պայմանագիր է կնքելու  «GDesign» ընկերության հետ, որի հետ համատեղ իրականացնելու է  կայքի գործարկման աշխատանքները:

Մրցանակակիրները, այդ թվում և Արման Հարությունյանը, իրավունք են ստացել նաև մասնակցելու 4 -ամսյա  առցանց լուսանկարչական դասընթացների, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կարժանանան հավաստագրերի:

Հավելենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տվյալ մրցույթին մեր բուհից մասնակցել են Արման Հարությունյանն ու Մերի Հակոբյանը: Հաճելի է փաստել, որ մեր ուսանողները, բացի ուսումնառությունից, իրենց ուժերն ու հնարավորությունները փորձում են նաև տարբեր ստեղծագործական ոլորտներում՝ առօրյան դարձնելով բազմաբովանդակ և հետաքրքիր:

Շնորհավորում ենք  մեր ուսանողին, մաղթում հաջողություններ թե' մասնագիտական, թե' լուսանկարչական  ոլորտներում:

Մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/PhotomanContest/posts/745706525448369:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին