ՀՊՏՀ ուսանողներն այցելել են Վանաձորի մանկատուն
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները հունվարի 27-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այցելել են Վանաձորի մանկատուն:
Մանկատներ, զորամասեր, ծերանոցներ և նմանատիպ վայրեր այցելությունները կարևոր խորհուրդ ունեն. ուսանողները համոզված են՝ այդպիսով քարոզում են մարդասիրություն, ընկերասիրություն, հայրենասիրություն և այլն:
Ուսանողական խորհրդի ներկայացուցիչ, ուսանողական «Էկոնոմ պլյուս» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ 2002-2003 թվականից ի վեր ուսանողների մոտ գեղեցիկ ավանդույթ են դարձել հայաստանյան մանկատներ այցելությունները:
«Ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ, ինչպես նաև մեր ուսանողների հանգանակությունների շնորհիվ մանկատան սաները ստացան խնամքի և հիգիենայի պարագաներ, հագուստներ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա: Ուսանողները նախապես հավաքագրել էին խաղալիքներ, որոնք մեծ ուրախություն պարգևեցին մանկատան սաներին»,-ասաց Հայկ Բեջանյանը:
ՀՊՏՀ-ականները հաճելի անակնկալներ էին պատրաստել մանկատան երեխաների համար. մեր բուհի շնորհալի ուսանողները իրենց երգ ու պարով գեղեցիկ տոն են պարգևել ծնողական խնամքից զուրկ երեխաներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել նրանց առօրյային:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մեր ուսանողը՝ մանկատան սաները բարի են, մարդամոտ ու հաճելի զրուցակից, օժտված են հիանալի մարդկային որակներով, կամային հատկանիշներով. նրանք գիտեն, որ մարդը միշտ պետք է հույսն ինքն իր վրա դնի: Ծնողական խնամքից զուրկ մանկատան սաները ևս սիրո և ջերմության կարիք ունեն, նրանք հասարակության լիիրավ անդամ են, մեր վաղվա զինվորը, ուսանողը, ապագան: Ուստի նրանց հանդեպ յուրաքանչյուրիս ուշադրությունը առավել քան կարևոր է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին