ՀՊՏՀ ներկայացուցիչները վերադարձել են Մալայզիայից. մեր գիտնականի զեկույցը համարվել է լավագույնը
ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ գիտության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ. թ. Վարդան Աթոյանը, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Աղավնի Հակոբյանը և հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը վերադարձել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացած կրթության, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների միջազգային նստաշրջանից: Մեր բուհի աշխատակիցները վերադարձել են տպավորված, նստաշրջանին մասնակցությունը բավականին արդյունավետ են համարում:
ՀՊՏՀ ներկայացուցիչներից Խորեն Մխիթարյանը հանդես է եկել «Բանկային համակարգի իրացվելիության կառավարման արդի հիմնախնդիրները (ՀՀ նյութերով)» զեկուցմամբ, Վարդան Աթոյանը՝ «Ազգային անվտանգության ապահովման գլխավոր հիմնախնդիրները գլոբալիզացիայի պայմաններում», Աղավնի Հակոբյանը՝ «Արդյունաբերական քաղաքականության արդի գերակայությունները ՀՀ-ում» Անուշ Մարգարյանը՝ «ՀՀ աուդիտորական կազմակերպությունների գործունեության արդյունավետության հիմնական չափանիշները ժամանակակից պայմաններում», թեմաներով զեկուցումներով:
Գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում հնչել են մի շարք հետաքրքիր զեկուցումներ, եղել են օգտակար շփումներ: «Ընդհանուր առմամբ, հնչեցին 15 զեկուցումներ՝ ընդհանուր տնտեսագիտության ոլորտին առնչվող: Քանի որ ինքս գիտական կենտրոնի խմբագրական խորհրդի անդամ եմ, կամզկոմիտեի հետ բաժանմունքներում վերանայեցինք գիտական հոդվածներ ներկայացնելու պահանջները՝ մշակելով նոր չափանիշներ, որոնք կնպաստեն ներկայացվելիք հոդվածների արդյունավետության բարձրացմանը»,- ասաց գիտության բաժնի պետը:
Միջազգային նստաշրջանի մասնակիցների զեկուցումները տպագրվել են ժողովածուում: Նշենք, որ ՀՊՏՀ-ն ներկայացնող Խորեն Մխիթարյանն արժանացել է հավաստագրերի՝ լավագույն զեկույցի և նիստերը վարելու, շնորհանդեսների անցկացմանն աջակցելու համար:
«Մասնակցությունը մեզ հնարավորություն տվեց սերտացնելու համագործակցությունը մի շարք երկրների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կատարել՝ ընդօրինակելով լավագույնը»,- հավելեց Խորեն Մխիթարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ գիտաժողովի մասնակիցների ընտրությունը կատարվել էր՝ ըստ նրանց ներկայացրած զեկուցումների ընտրության: Նախքան նստաշրջանը կազմկոմիտեին ուղարկված և հավանության արժանացած զեկուցումների հեղինակները հրավիրվել են մասնակցելու նստաշրջանին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին