ՀՊՏՀ գիտնականները վերադարձել են «Գայդարյան համաժողով-2014»-ից
ՀՊՏՀ գիտնականները՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորներ Միքայել Մելքումյանը, Վարդան Սարգսյանը և Աշոտ Թավադյանը, ովքեր հունվարի 15-18-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում մասնակցել են «Ռուսաստանը և աշխարհը. կայուն զարգացում» խորագրով «Գայդարյան համաժողով-2014» միջազգային գիտաժողովին, վերադարձել են մեծ տպավորություններով, ինչպես նաև՝ արդյունքներով:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, ամփոփելով այցի արդյունքները, տեղեկացրեց, որ համաժողովը հագեցած էր տարբեր հիմնախնդիրներին առնչվող քննարկումներով և գիտաժողովից վերադարձել են մեծ տպավորություններով, լսել մի շարք հետաքրքիր զեկուցումներ, հատկապես տպավորվել են ՌԴ վարչապետի ելույթից:
Համաժողովն արդյունավետ է եղել մեր բուհի համար նաև մեկ այլ պատճառով. ՀՊՏՀ-ի և ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի միջև կնքվել է համաձայնագիր՝ ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ: «Ակադեմիայի հարուստ փորձը գիտակրթական բնագավառում բավականին արժեքավոր է և կարող է օգտակար լինել մեր համալսարանում իրականացվող փոփոխությունների համատեքստում»,-նշեց պրոռեկտորը:
ՀՊՏՀ ներկայացուցիչները համաժողովի շրջանակներում այցելել են նաև «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան. նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարին Երևանում ՌԴ «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կնքելու մասին:
Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը կրթության և գիտության զարգացման գործում՝ այցելություն է կատարվել առցանց կրթության ծառայություններ մատուցող «Յունիվեբ» ընկերություն, ինչի մասին ևս ավելի վաղ հայտնել էինք: Ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն մեր համալսարան՝ քննարկելու առցանց կրթության համակարգը ՀՊՏՀ-ում ներդնելու հնարավորությունները:
ՀՊՏՀ գիտնականներն այցելել են նաև Ռուսաստանի հումանիտար գիտությունների հիմնադրամ, որտեղ քննարկվել են համագործակցության ուղիները: Ի դեպ, հանդիպման ժամանակ Գագիկ Վարդանյանին հանձնվել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների հիմնադրամի արտասահմանյան փորձագետի դիպլոմ:
Համաժողովի մասնակիցները՝ պրոֆեսորներ Միքայել Մելքումյանը, Աշոտ Թավադյանն ու Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ մեծ տպավորություն են ստացել համաժողովից, որն աչքի է ընկել իր բովանդակությամբ, կազմակերպվածությամբ և ներկայացուցչականությամբ: ՀՊՏՀ գիտնականները հատկապես տպավորվել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղար Անխել Գուրիանի, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսի, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտինի, հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեֆրի Սաքսի, հայտնի և հեղինակավոր այլ քաղաքական գործիչների ու տնտեսագետների ելույթներից:
Հիշեցնենք, որ «Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում տնտեսական քաղաքականության խոշորագույն գիտաժողովներից է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ: Այս տարվա քննարկումների առանցքում էին անորոշության պայմաններում կայուն զարգացման հիմնախնդիրները, աշխարհի հետճգնաժամային զարգացումները, մակրոտնտեսական ռիսկերը և ռեցեսիայի հնարավորությունները:
Հ.Գ. Երկու լուսանկարը՝ համացանցից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին