Տեղի ունեցավ «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» վոլեյբոլի առաջնության բացումը, կայացավ 2 հանդիպում (լուսանկարներ)
ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր տեղի ունեցավ «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» վոլեյբոլի բաց առաջնության հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի նախաձեռնությամբ: Բացմանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզասերներ:
Պրոռեկտորը ողջունեց առաջնությանը մասնակցող հայաստանյան 5 բուհերի ներկայացուցիչներին և ներկաներին, կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ վոլեյբոլ սպորտաձևի մասսայականացման տեսանկյունից և հույս հայտնեց, որ խաղերը կանցնեն առողջ մրցակցության պայմաններում: Գագիկ Վարդանյանն ընդգծեց սպորտի դերը մարդու կյանքում՝ մեջբերելով «առողջ մարմնում՝ առողջ հոգի» ասույթը:
ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը, որից հետո պարային կատարումներով ելույթ ունեցան փոքրիկները: Ինչպես հայտնի էր դարձել վիճակահանության օրը, այսօր խաղացին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ ) և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ), ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) թիմերը:
Խաղերին հետևելու էին եկել ամենատարբեր մարդիկ. ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նկատեց, որ առաջնության մասնակիցներից շատերին իրենց ներկայությամբ քաջալերելում էին նույնիսկ նրանց ընտանիքի անդամները, ընկերները: Ուշագրավ էր հատկապես ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողների հետաքրքրվածությունը: Այսօրվա մարզական տրամադրություններն արտացոլված են Ձեզ ներկայացվող լուսանկարներում:
Այսօրվա հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝ ՀՊՏՀ-ԵՊԼՀ՝ 2-0, ՀՊՃՀ-ՀԱԱՀ՝ 2-1:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին, հաջորդաբար տեղի կունենան խաղեր տարբեր բուհերի միջև, հաղթողը կարժանանա ՀՊՏՀ գավաթին:
Վաղը ևս, կկայանա 2 հանդիպում՝ ՀՊՏՀ- ՀՊՃՀ և ՀՊՄՀ-ԵՊԼՀ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին