Հայտնի են «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» վոլեյբոլի առաջնության օրերը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի նախաձեռնությամբ հունվարի 23-ին մեր բուհում կմեկնարկի վոլեյբոլի բաց առաջնություն՝ հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսների միջև:
Վերոնշյալ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ կայացել է վիճակահանությունը, ըստ որի՝ պարզ է դարձել, թե որ դասախոսական թիմերը կխաղան միմյանց հետ:
Այսպիսով, 1-ին խաղում՝ հունվարի 23-ին, կմրցեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) թիմերը, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) թիմերը: 2-րդ խաղում, որը կկայանա հունվարի 24-ին, կմրցեն ՀՊՏՀ- ՀՊՃՀ և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ու ԵՊԼՀ թիմերը: 3-րդ խաղում՝ (հունվարի 29) ՀՊՄՀ-ՀՊՃՀ, ՀՊՏՀ-ՀԱԱՀ թիմերը, 4-րդ խաղում (հունվարի 30)՝ ՀՊՄՀ-ՀԱԱՀ և ԵՊԼՀ-ՀՊՃՀ , 5-րդ խաղում (հունվարի 31)՝ ՀԱԱՀ-ԵՊԼՀ և ՀՊՏՀ-ՀՊՄՀ թիմերը:
Ի դեպ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ներկայացուցիչներն օրերս ընկերական հանդիպումներ են ունեցել ԵՊԼՀ-ի և ՀՊՃՀ-ի դասախոսական թիմերի հետ և հաղթանակ տարել:
Սիմոն Հակոբյանը նշեց, որ ինքը հրավիրել է տարբեր բուհերի դասախոսների (Արցախի, Գյումրու և այլն), որոնցից շատերը տեղեկացրել են, որ հարգելի պատճառներով չեն կարողանա մասնակցել առաջնությանը:
«Նմանատիպ միջոցառումների ձեռնարկմամբ առաջին հերթին նպատակ ունենք զարգացնել միջբուհական հարաբերություններն ու շփումները, պրոպագանդել սպորտը, առողջ ապրելակերպը»,- ասաց Սիմոն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին տեղի կունենա առաջնության հանդիսավոր բացումը՝ գեղարվեստական համարների ուղեկցությամբ, այդ օրը կկայանան նաև առաջին 2 թիմերի խաղերը:
Բոլոր մարզասերները հրավիրվում են խաղերին հետևելու և թիմերին քաջալերելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին