Կրթական առցանց համակարգի ներդրումը՝ հեռանկարում. ՀՊՏՀ ներկայացուցիչները «Գայդարյան համաժողով-2014»-ի շրջանակներում կարևոր հանդիպումներ են ունեցել

Դիտումների քանակ՝ 890

Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում հունվարի 15-ից մեկնարկած «Ռուսաստանը և աշխարհը. կայուն զարգացում» խորագրով «Գայդարյան համաժողով-2014» միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՊՏՀ ներկայացուցչական խումբը՝ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և տնտեսամաթեմատիկակակն մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այսօր կարևոր հանդիպումներ են ունեցել:

ՀՊՏՀ արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը Մոսկվայից հեռախոսով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ համաժողովի այս օրն իրենց համար բավական հագեցած է եղել: Առավոտյան ՀՊՏՀ գիտնականները հանդիպել են «Յունիվեբ»  առցանց կրթության ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օհանովի հետ, քննարկել Տնտեսագիտական համալսարանում առցանց կրթական համակարգի ներդրման հետ կապված հարցեր: Պրոռեկտորի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել հարցը:

Այնուհետև ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակցության զարգացման տնօրեն Տատյանա Չետվերնինայի հետ, քննարկել համագործակցության համաձայնագիր կնքելու հարցը: Գագիկ Վարդանյանի խոսքով՝ որոշվել է դասախոսների և ուսանողների փոխանակության, համատեղ հետազոտություններ անցկացնելու մասին համաձայնագիր կնքել փետրվարին, Երևանում: Հանդիպումներից հետո ՀՊՏՀ ներկայացուցիչները շարունակել են մասնակցությունը «Գայդարյան համաժողով-2014»-ի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ «Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում տնտեսական քաղաքականության խոշորագույն գիտաժողովներից մեկն է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է  Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ: Այս տարվա քննարկումների առանցքում  են անորոշության պայմաններում կայուն զարգացման հիմնախնդիրները, աշխարհի հետճգնաժամային զարգացումները, մակրոտնտեսական ռիսկերը և ռեցեսիայի հնարավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին