ՀՊՏՀ ուսանողները՝ միջազգային ֆոտոմրցույթի առաջատար մասնակիցներ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողներ Արման Հարությունյանն ու Մերի Հայրապետյանը մասնակցում են Արևելյան գործընկերության «Photoman - 2013» միջազգային լուսանկարչական մրցույթին, որն անցկացվում է Facebook սոցիալական ցանցում` ինտերնետ-ռեալիթի շոու ձևաչափով: Ֆոտոմրցույթին մասնակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի սիրողական լուսանկարիչները:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքից, «Photoman - 2013»-ը միջազգային լուսանկարչական մրցույթ է` սկսնակ և փորձառու ֆոտոսիրողների համար, այն կոչված է աջակցելու Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ լուսանկարիչներին: «Photoman - 2013» մրցույթի հիմնական կազմակերպիչը, ինչպես նաև մրցույթի գաղափարի հեղինակն է Վրաստանի լուսանկարիչների ասոցիացիան (ՎԼԱ): ՎԼԱ-ի հովանու ներքո «Photoman» մրցույթն արդեն երեք անգամ անց է կացվել Վրաստանում և մինչ օրս Վրաստանի ֆոտոհասարակության շրջանում համարվում է ճանաչված և հաջողված: 2013 թվականին «Photoman» մրցույթը դարձել է միջազգային և իրականացվում է Եվրամիության` «ՈՒշադրություն` ժպիտ» («SAY CHEESE!») նախագծի շրջանակներում` Արևելյան գործընկերության երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա):
Մրցույթի նպատակն է ՝ սեղմ ժամկետներում հնարավորություն տալ լուսանկարչին կոնկրետ թեմայի շրջանակներում ինքնատիպ լուսանկար անել: Կազմակերպիչների համոզմամբ՝ հենց այսպես է պարզ դառնում լուսանկարչի վարպետությունը` ունակությունները, ճարպկությունը, սրամտությունը և պրոֆեսիոնալ հմտությունները:
Նշենք, որ մրցույթը բաղկացած է 4 փուլերից, 3 փուլերն արդեն ավարտվել են, 4-րդը մեկնարկել է այսօր, կավարտվի հունվարի 20-ին: Արդյունքները կամփոփվեն հունվար ամսին:
Մեր ուսանողներն այս մրցույթում գրանցել են մեծ հաջողություններ. Արման Հարությունյանը 3 փուլերում առցանց քվեարկության արդյունքում գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ Մերի Հայրապետյանի լուսանկարները լավագույն տասնյակում են:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր ուսանող-մասնակիցները նշեցին, որ լուսանկարչությունն իրենց համար հոբբի է, սիրում են ստեղծագործել ֆոտոխցիկի միջոցով: Մրցույթի առաջատար Արման Հարությունյանը նշեց, որ հաղթանակի մեծ հույս ուն ու հավելեց, որ պատրաստվում է լուսանկարել վերջին՝4-րդ փուլի լուսանկարը: Ուսանողների խոսքերով՝մրցույթում իրենց մեծապես աջակցում են ՀՊՏՀ-ականների քվեարկությունները:
Հիշեցնենք, որ հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, իսկ լավագույն լուսանկարի հեղինակը կարժանանա գրան պրի մրցանակի` 24-105 մմ օբյեկտիվով Canon 6D ֆոտոխցիկի:
Թե ինչպես կարող եք քվեարկել մեր մասնակիցների օգտին և ինչ հղումով՝ կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան ֆակուլտետային ուսանողական խմբերից:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևում է մեր ուսանողների մասնակցությանը՝ հուսալով, որ առաջիկայում մրցույթի արդյունքներին անդրադառնալու ուրախալի առիթ կունենանք:
Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն:
Հ.Գ. Մրցույթին տարբեր թեմաներով մեր ուսանողների մի քանի լուսանկար տրամադրել են հենց իրենք՝ մասնակիցները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին