«Heritage Foundation»-ի տարեկան զեկույց. մեկնաբանում է ՀՊՏՀ դասախոսը
Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամի տարեկան զեկույցի համաձայն՝ «Տնտեսական ազատության ցուցիչ -2014-ի» տվյալներով Հայաստանը 41-րդն է աշխարհի 178 երկրների շարքում:
Հրապարակված տվյալները վերլուծելու նպատակով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանի հետ: Վերջինս նշեց, որ «Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցանիշների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը: Այդ տասը ցուցանիշներն են` գործարարության, առևտրի, ֆիսկալ, ներդրումների, արժութային, ֆինանսական, աշխատանքի ազատությունները, կառավարության վստահության ցուցանիշը, կոռուպցիայի մակարդակը / ձերբազատվածությունը/ ու սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը։ Ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 0-ից մինչև 100 միավորով:
«Յուրաքանչյուր պետության տնտեսական ազատության ամփոփիչ ցուցչային վարկանիշը, համաձայն տվյալ երկրի տնտեսության ազատականացման աստիճանավորման, բաշխվում է 5 հետևյալ մասերի՝ ազատ, այսինքն երկրներ, որոնք ստացել են 80-100 միավոր, հիմնականում ազատ՝ երկրներ, որոնք ստացել են 70-79.9 միավոր, միջին ազատության՝ 60-69,9 միավոր ստացած երկրներ, հիմնականում ոչ ազատ՝ 50-59.9 միավոր ստացած երկրներ, ճնշված՝ 0-49,9 միավոր ստացած երկրներ: Եթե նախորդ տարվա հետ համեմատական վերլուծություն կատարենք, ապա պետք է նշենք, որ ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը նվազել է 0,5 միավորով. նախորդ տարվա ինդեքսն է՝ 69,4, այս տարվանը՝ 68,9:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նվազել են գործարար ազատության՝ 4,5 միավորով, ֆիսկալ ազատության՝ 1,5 միավորով, կառավարության վստահության՝ 0,8 միավորով, արժութային ազատության՝ 0,8 միավորով, ներդրումային ազատության՝ 5 միավորով ցուցանիշները: Աճ են արձանագրել առևտրի ազատության՝ 0,1, կոռուպցիայից ձերբազատվածության ՝0,7, աշխատանքային ազատության՝ 1,4 ցուցանիշները»,- ասաց Գրիգոր Նազարյանը:
Տ.գ.թ., դոցենտը հավելեց, որ յուրաքանչյուր երկրի համար տնտեսական ազատության ցուցանիշն առանցքային նշանակություն ունի, այն արտացոլում է տվյալ պետության տնտեսության կարևոր բաղկացուցիչ- ոլորտների ընդհանուր վիճակը. այս առումով Հայաստանի ցուցանիշը միջինից բարձր է՝ 68,9, տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, ինչն արդեն իսկ լավ արդյունք է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին