Մոսկվայում ընթանում է «Գայդարյան համաժողով-2014» հեղինակավոր գիտաժողովը. մասնակցում են նաև ՀՊՏՀ գիտնականները

Դիտումների քանակ՝ 1112

Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում այսօր մեկնարկել է «Գայդարյան համաժողով-2014» միջազգային գիտաժողովը` «Ռուսաստանը և աշխարհը. կայուն զարգացում» խորագրով, որին, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մասնակցում են նաև ՀՊՏՀ գիտնականները՝ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և տնտեսամաթեմատիկակակն մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Մոսկվայից ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին  տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը հայտնեց, որ գիտաժողովը բացվել է լիագումար նիստով, որին մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին, հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեֆրի Սաքսը, հայտնի և հեղինակավոր այլ քաղաքական գործիչներ ու տնտեսագետներ:

Հիշեցնենք, որ «Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում տնտեսական քաղաքականության խոշորագույն գիտաժողովներից մեկն է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է  Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ: Այս տարվա քննարկումների առանցքում լինելու են անորոշության պայմաններում կայուն զարգացման հիմնախնդիրները, աշխարհի հետճգնաժամային զարգացումները, մակրոտնտեսական ռիսկերը և ռեցեսիայի հնարավորությունները:

Համաժողովի շրջանակներում նաև համագործակցության համաձայնագիր կկնքվի մեր համալսարանի ու ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության  ռուսաստանյան ակադեմիայի միջև: Համաձայնագիրը համագործակցություն է ամրագրում տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝  երկու երկրների պետական ծառայողների լրացուցիչ կրթության և որակավորման բարձրացման կրթական ծրագրերի իրականացում մասնագետների մեթոդական և գիտական պատրաստվածության շուրջ, գիտահետազոտական աշխատանքի արդյունքների և ծրագրերի, մեթոդական մշակումների, գիտական հրատարակությունների, գրականության փոխանակում, պետական կառավարման և պետական ծառայության հարցերին նվիրված համատեղ գիտաժողովների, սեմինարների և սիմպոզիումների անցկացում, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համատեղ հրատարակում, ստորաբաժանումների, գիտնականների և մասնագետների միջև անմիջական գործընկերային կապերի հաստատման և զարգացման աջակցություն և այլ հարցեր:

Այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք, որ գիտաժողովն ավարտվելու է հունվարի 18-ին:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են մեր բուհի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին