Նշվեց պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանի հոբելյանը
Ծննդյան 75-ամյակն այն բարձունքն է, որտեղից կարելի է չափել անցած ճանապարհի ձեռքբերումները, հաջողությունները: Մեր համալսարանում պատկառելի վաստակ, գիտության մեջ ուրույն խոսք ասած ու սիրված մանկավարժների հոբելյաններին անդրադառնալը, համալսարանի ղեկավարության ու կոլեկտիվի անունից նրանց երախտագիտության և գնահատանքի խոսք հղելը բարի ավանդույթ է: ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում այսօր նշում էին ավագ գործընկերոջ, բազմավաստակ գիտնական մանկավարժի, բարեսիրտ ու համեստ մարդու Գևուշ Բաղդասարյանի ծննդյան հոբելյանը` 75-ամյակը:
«Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանի անցած ուղին, կարելի է անվարան ասել, նշանավոր է անխոնջ ու բեղմնավոր աշխատանքով, հայրենի կրթության ու գիտության զարգացման գործին ծառայելու մեծ մղումով ու անմնացորդ նվիրումով: Դառը մանկություն է ապրել մեր հոբելյարը, սակայն չեն խաթարվել նրա լավատեսությունն ու ձգտումները, քանի որ հաստատ նպատակադրումներ է ունեցել` կրթվելու ու զարգանալու, դառնալու իր գործի նվիրյալ, վառ անհատականություն: Նրա կյանքն ու գործունեությունը կարող են շատ-շատերի համար օրինակ ծառայել»,- շնորհավորանքի իր խոսքում նշեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը` հոբելյարին մաղթելով քաջառողջություն ու նորանոր հոբելյաններ:
Հոբելյարին շնորհավորեցին, գնահատանքի ջերմ խոսքեր ասացին նրա սերնդակից ու կրտսեր գործընկերները: Բոլորի խոսքում ընդգծվեց բարեխիղճ ու պրպտող մտավորականի, բանիմաց գիտնական մանկավարժի, բարյացակամ մարդու կերպարը, որի հետ երկար տարիների համատեղ աշխատանքը նվիրել է բերկրանք, վարակել մարդասիրությամբ ու բարությամբ:
Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին ու հնչած բարեմաղթանքներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին