Կկայանա «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» միջբուհական վոլեյբոլի առաջնություն

Դիտումների քանակ՝ 1011

ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ  և  քաղպաշտպանության  ամբիոնի նախաձեռնությամբ  հունվարի 23-ին մեր բուհում կմեկնարկի  «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» միջբուհական վոլեյբոլի բաց առաջնություն՝  հայաստանյան տարբեր  բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսների միջև:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում վերոնշյալ ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը նշեց, որ հունվարի 20-ին կկայանա վիճակահանություն, ըստ որի կորոշվի, թե որ բուհերի թիմերն են միմյանց հետ մրցելու:

«Առաջնության կազմակերպումը նպատակ ունի նպաստել բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսական անձնակազմի մարզական ակտիվության խթանմանը, մասսայականացնել վոլեյբոլ մարզաձևը դասախոսների շրջանում, քարոզել առողջ ապրելակերպ»,-ասաց Սիմոն Հակոբյանը:

Մրցումների ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը, իսկ անմիջական անցկացումը՝ նրա կողմից հաստատված մրցավարական հանձնախումբը:

Առաջնությունում 1-ին տեղը գրաված թիմը կպարգևատրվի ՀՊՏՀ  գավաթով և հավաստագրով, 2-3-րդ տեղեր գրավածները՝ հավաստագրերով: Հատուկ պարգևատրումներ կլինեն նաև լավագույն խաղացողներին՝ «Արդարացի խաղ», «Լավագույն հարձակվող»  և այլ անվանակարգերում:

Ի դեպ՝ այսօր սկսվեց վոլեյբոլի ընկերական խաղ՝ մեր բուհի տվյալ ամբիոնի դասախոսների և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսների միջև:

Սիմոն Հակոբյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց   նաև, որ նոր ուսումնական տարին ևս հագեցած կլինի  մարզական միջոցառումներով՝ թե ներբուհական, թե՝ միջբուհական: Արդեն աշխատանքներ են տարվում «Զարթոնք-2014»  մարզական միջոցառման կազմակերպման ուղղությամբ, որը կկայանա գարնանը:

Հ.Գ. Երկրորդ լուսանկարն այսօրվա ընկերական հանդիպումից է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին