Հետտոնական ընկճվածություն. ինչպե՞ս հաղթահարել այն. ՀՊՏՀ բժշկուհու խորհուրդները

Դիտումների քանակ՝ 805

Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին սպասում ենք անհամբերությամբ, սակայն, երբ ավարտվում են ուժերի գերլարումով և ֆինանսական մեծ զոհողություններով գնումներն ու եփութափը, կերուխումն ու տոնական հանդիպումները, հաճախ ենք անկումային տրամադրություն ու հիասթափություն ապրում, շրջապատի հանդեպ դառնում գերզգայուն ու հուզախռով, թեև բոլորովին էլ պարտադիր չէ, որ բացասական հույզերի համար լինեն լուրջ դրդապատճառներ: Դա էլ հենց հետտոնական ընկճախտն է, որի մասին շատ են խոսում ու վերլուծում, և որն անտեսել հնարավոր չէ:

Հետտոնական ընկճախտը կարող է շարունակվել մեկ ժամից մինչև մի քանի օր և արտահայտվել ինչպես հոգնածությամբ, այնպես էլ նյարդային ակտիվությամբ: Զգայական բոլոր օրգաններն սկսում են «աշխատել խիստ ռեժիմում». աչքերի համար անտանելի է դառնում ուժեղ լուսավորությունը, լսողության համար` բարձր երաժշտությունը, հոտերն ու բույրերը` անախորժ շնչառությանը:  Մի խոսքով` արտաքին աշխարհի ամեն մի երևույթ առիթ է դառնում դժգոհության ու հիասթափության:

Առհասարակ անկումային տրամադրությունների ու ընկճախտի հակվածությունը խորանում է դեկտեմբեր, հունվար ամիսներին. մշուշապատ գորշ երկնքի, արևի լույսի պակասի պատճառով նվազագույն չափով է արտադրվում տրամադրության հորմոնը` սերոտոնինը: Օրգանիզմում դրա սակավությունը մարդուն դարձնում է անաշխատունակ. նկատվում է մշտական հոգնածություն, քնկոտություն, ուշադրության պակաս:

Իսկ ինչպե՞ս կարելի է հաղթահարել հետտոնական ընկճվածությունը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ՀՊՏՀ բուժկետի բժշկուհի Նելլի Թովմասյանի հետ:

«Նախ և առաջ հարկավոր է բեռնաթափման օրեր սկսել: Ամենապարզ և հուսալի միջոցը բանջարեղենամրգային սննդակարգն է: Օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը, մասրաթուրմը, զբոսանքները մաքուր օդում, դահուկավազքը, չմշկասահքը: Որպես ադսորբեն՝ կարելի է խմել ակտիվացված ածուխ: Իսկ եթե, այնուհանդերձ, ժամանակ առ ժամանակ տագնապի ու անհանգստության զգացումներ կունենաք, ապա օգտակար կլինեն բուրավետ յուղերով ու եթերայուղերով տաք վաննաները, հանգստացնող թեյերը` արևքուրիկ, կատվախոտ, անանուխ»,-ասաց Նելլի Թովմասյանը` ավելացնելով, որ արդյունավետ կարող է լինել նաև շեղող թերապիան, այսինքն՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել` լավատեսական կամ կատակերգական ժանրի, հոգևոր-մշակութային վայրեր (համերգասրահներ, պատկերասրահներ, եկեղեցի) այցելել, շփվել սիրելի մարդկանց հետ կամ էլ խանութներով անցնել, եթե դա կարող է բավականություն պատճառել:

Մառախլաապատ, անարև օրերը երկար տևել չեն կարող, այն էլ մեր արևաշատ երկրում, իսկ տոնական այս օրերը պետք է ավարտ ունենան, որպեսզի իրենց տեղը զիջեն նոր տոներին: Մի հուսահատվեք, հիշեք` եկել է նոր տարի, նոր հույսերի  ու սպասումների իրականացման շրջան:

Օգտվեք մեր պարզ, սակայն օգտակար խորհուրդներից և աներևակայելի կախարդանքով զերծ կմնաք հուզականությունից` փոխելով ձեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին