ՀՊՏՀ-ում քննաշրջան է. շրջայց ֆակուլտետներով
Համալսարանի լսարաններում և միջանցքներում խումբ-խումբ ուսանողներ դասախոսություններ են կրկնում, միմյանց հարցեր տալիս՝ քննասենյակ մտնելուց առաջ սովորածը վերհիշելու և բարձր գնահատական ստանալու համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 8-ից մեկնարկել է 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր շրջայց կատարեց բուհի մի քանի ֆակուլտետներով՝ պարզելու ուսանողների քննական տրամադրությունը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներից շատերը նշեցին, որ 1-ին քննությանը ներկայանալը ավելի պատասխանատու է. հատկապես ամանորյա տոներից հետո դժվար է հավուր պատշաճի քննության գալ, բայց, այնուամենայնիվ, հաղթահարել են այդ «խնդիրը»:
«Քննություններին միշտ պետք է պատրաստ ներկայանալ, ճիշտ է՝ հուզմունքը փոքր-ինչ խանգարում է, բայց ներքին ինքնավստահությունը, լավ պատրաստվածությունը առաջնային են: Ուսանողի հոգեբանություն է՝ ինչքան շատ ես կրկնում, այնքան քեզ թվում է՝ լավ չգիտես, սակայն քննության ընթացքում հեշտ է սովորածը վերարտադրել: Ակնկալում եմ բարձր գնահատական»,- ասաց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Սանամյանը, ով այսօր քննության էր «Փիլիսոփայություն» առարկայից:
Նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Արաքսյա Ենգիբարյանը, ով քննության էր «Ֆինանսական հաշվառումը կորպորատիվ կազմակերպություններում» առարկայից, նշեց, որ բանավոր քննությունն ավելի է նախընտրում, քանի որ այն օգնում է իրեն ավելի արագ կենտրոնանալ: Արաքսյան նշեց, որ դասախոսների վերաբերմունքը բանավոր քննություններին շատ դրական է և չի կաշկանդում ուսանողին:
Ֆինանսական ֆակուլտետի քննության եկած ուսանողները բարձր տրամադրությամբ վստահեցրին, որ քննությունները գիտելիքներն ամրապնդելու, գիտելիքներ կուտակելու և դրանք ստուգելու լավագույն ձևերից են:
«Այսօր քննության եմ «Կորպորատիվ ֆինանսներ» առարկայից՝ բանավոր: Նշեմ, որ բանավոր քննությանն ավելի երկար ենք պատրաստվում, որովհետև անհրաժեշտ է բանավոր խոսքի միջոցով անկաշկանդ շարադրել սովորածը: Ի դեպ, բանավոր քննությունն, ըստ իս, ավելի արդյունավետ է, քանի որ նախապատրաստում է պետական քննությանը»,- նշեց ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Հախումյանցը:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Սոնյանը պնդեց, որ ոչինչ չի կարող խանգարել բարձր գնահատական ստանալուն, եթե ուսանողը լավ է պատրաստվել քննությանը, թեև հատկապես 1-ին քննության ժամանակ որոշակի լարվածություն կա: Ուսանողի տպավորությամբ՝ մեր բուհում գիտելիքը միշտ էլ գնահատվում է ըստ արժանվույն:
Կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Սենոքյանը, ով արդեն դուրս էր եկել քննասենյակից, նշեց, որ բարձր գնահատական է ստացել, գոհ է իր պատասխանից:
Հիշեցնենք, որ մեր բուհում քննաշրջանը կշարունակվի մինչև հունվարի 30-ը: Քննական եռուզեռը մեր դիտակետում է, դրան կանդրադառնանք նաև առաջիկայում:
Բոլոր ուսանողներին մաղթում ենք հաջող քննություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին