ՀՊՏՀ գիտնականները կմասնակցեն «Գայդարյան համաժողով-2014»-ին
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և տնտեսամաթեմատիկակակն մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը սույն թվականի հունվարի 15-ից 18-ը Մոսկվայում կմասնակցեն «Գայդարյան համաժողով-2014» միջազգային գիտաժողովին` «Ռուսաստանը և աշխարհը. կայուն զարգացում» խորագրով, որը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում: Քննարկումների առանցքում լինելու են անորոշոության պայմաններում կայուն զարգացման հիմնախնդիրները, աշխարհի հետճգնաժամային զարգացումները, մակրոտնտեսական ռիսկերը և ռեցեսիայի հնարավորությունները:
«Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում տնտեսական քաղաքականության խոշորագույն գիտաժողովներից մեկն է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ:
Համաժողովի շրջանակներում նաև համագործակցության համաձայնագիր կկնքվի մեր համալսարանի ու ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի միջև: Համաձայնագրը համագործակցություն է ամրագրում տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների պետական ծառայողների լրացուցիչ կրթության և որակավորման բարձրացման կրթական ծրագրերի իրականացում մասնագետների մեթոդական և գիտական պատրաստվածության շուրջ, գիտահետազոտական աշխատանքի արդյունքների և ծրագրերի, մեթոդական մշակումների, գիտական հրատարակությունների, գրականության փոխանակում, պետական կառավարման և պետական ծառայության հարցերին նվիրված համատեղ գիտաժողովների, սեմինարների և սիմպոզիումների անցկացում, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համատեղ հրատարակում, ստորաբաժանումների, գիտնականների և մասնագետների միջև անմիջական գործընկերային կապերի հաստատման և զարգացման աջակցություն և այլ հարցեր:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորեց նման համաժողովներին մասնակցությունը՝ նշելով, որ այդպիսի միջոցառումները, արտասահմանյան շփումները կարող են նպաստել հետազոտությունների բնագավառում նոր գիտելիքի ձեռքբերմանը, ինչպես նաև հետազոտությունների գլոբալ ցանցում ներգրավվելու հիմք դառնալ:
Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին