ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ամանորյա շնորհավորանք է հղել

Դիտումների քանակ՝ 854

Սիրելի ՀՊՏՀ­-ականներ, մեր բուհի ղեկավարը` ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ամանորյա շնորհավորանք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ

Անցյալ է դառնում 2013 թվականը, և երկրորդ հազարամյակի մի նոր տարի սկսում է իր կենսագրությունը: Անցնող տարին լի էր աշխատանքային, ուսումնական ու անձնական իրադարձություններով` հաջողություններով, ձեռքբերումներով, անխուսափելիորեն` նաև անհաջողություններով ու կորուստներով: Աստիճանաբար դրանք կդառնան անցյալ ու կլրացնեն մեր ապրած տարիների հանրագումարը:

Կախարդական, խորհրդավոր ու զարմանահրաշ տոնին` Ամանորին, սպասում ենք բոլորս` մեծ, թե փոքր, սպասում ենք որպես հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, որում ուզում ենք իրականացած տեսնել մեր իղձերը: Անտեսանելի ձեռքով Նոր տարին կապում ու կամրջում է անցյալը, ներկան ու ապագան, ձեռքբերումներն ու նոր նպատակները և բոլորիս դարձնում խոհական, վերլուծող, նոր ստեղծարար ծրագրեր կառուցող: Տոնի նախօրեին բոլորս լցվում ենք հույսով ու հավատով, որ գալիք տարին կլինի ավելի հաջողակ, բարեբեր ու երջանկաբեր: Հավատում ենք, որ մուտք գործելով մեր օջախները` ամեն ընտանիքի այն կնվիրի հոգեկան անդորր ու ներդաշնակություն, աշխատանքային եռանդ ու լավատեսություն, ամենաթանկ բանը` առողջություն, հաջողություն` մեր ձեռնարկումներին, անսահման սեր` մեր սրտերին:

Հին ու նոր տարվա սահմանագլխին, մի կողմ թողնելով դժգոհությունները, հիասթափությունները, անթեղելով մեր մեջ կորստի ցավը, վհատությունը` լցվում ենք բարության լույսով, մերձավորի հանդեպ սիրով, հանդուրժողականությամբ, քանզի առջևում մի նոր լուսավոր սկիզբ է...

Մեր համալսարանը մեր աշխատանքային ընտանիքն է, որտեղ մեզ միավորում են համատեղ աշխատանքը, ընդհանուր նպատակները, միասնական ծրագրերը և ամենն  իրականացնելու միասնական կամքը:

Հավատում ենք, որ 2014 թվականին բոլորիս առողջությունը,  անձնական բարօրությունը, ստեղծարար ձգտումը կդառնան այն կարևոր նախապայմանները, որոնց հիման վրա իր նորանոր հաջողությունները կկառուցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, նրա յուրաքանչյուր աշխատակիցը, դասախոսն ու ուսանողը:

Սիրելի գործընկերներ, Նոր տարին ավետող զանգերի ղողանջները մի նոր լուսավոր էջ կբացեն ձեր կյանքում: Եղե’ք առողջ, զինվե’ք աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու, անտարակույս, կյանք կառնեն ձեր երազանքները:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ