ՀՊՏՀ-ում նշվեց Խնայողությունների համաշխարհային օրը

Դիտումների քանակ՝ 1875

Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը և այս առիթով Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ  օրվա խորհուրդն արժևորող միջոցառում: Մեր համալսարանում էին Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և տնօրենի օգնական Ալմաստ Մուրադյանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի ղեկավար Նարեկ Ղազարյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ՝ հիմնականում ֆինանսական ֆակուլտետից:

Ներկաներին ողջունելով և անդրադառնալով օրվա խորհրդին՝ Գագիկ Վարդանյանը կարևորեց տնտեսելու կարողությունը և ֆինանսական գրագիտության դերը: Օրվա խորհուրդն արժևորեց նաև Սեյրան Սարգսյանը՝ ուսանողներին պարզաբանելով, թե ինչու է կարևոր գումար տնտեսելը, ապա նշեց մի քանի քայլ, որոնք կօգնեն հեշտ և գրագետ խնայել:

Հերմինե Հարությունյանը միջոցառման թեմայի համատեքստում անդրադարձավ խնայողություններն ապահով պահելու՝ ավանդ ներդնելու նշանակությանը, այնուհետև խոսեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առաքելության մասին. այն մինչև 10 մլն դրամի չափով փոխհատուցում է ավանդները:

Միջոցառման հիմնական հատվածը Նարեկ Ղազայանի զեկուցումն էր՝ «Խնայողությունների ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա» թեմայով:

Մասնավորապես, ԿԲ աշխատակիցը քննարկեց հետևյալ հարցերը՝ խնայողությունները ազգային հաշիվների համակարգում, խնայողություններ-ներդրումներ-տնտեսական աճ կապը, ֆինանսական համակարգը և խնայողությունները, խնայողությունների խթանման համակարգը, միջազգային փորձ: Նա ուսանողների համար պարզաբանեց նաև, թե ինչպես է ձևավորվում տնտեսական աճը:

Հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին