ՀՊՏՀ-ն խրախուսում է նաև լավ սովորող անապահով աշակերտներին. այց դպրոցներ
ՀՊՏՀ մի քանի աշխատակիցներ և ուսանողներ դեկտեմբերի 20-ին այցելել են Էջմիածին՝ Ամանորին ընդառաջ աջակցություն ցուցաբերելու լավ սովորող դպրոցականների ընտանիքներին: Ակցիային նյութական աջակցություն են ցուցաբերել բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխայիլ Կարապետյանը, բուհի մի շարք աշխատակիցներ, ուսանողներ:
Ինչպես նշեց նախաձեռնության հեղինակ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, դպրոցականների ընտանիքներին նմանատիպ նյութական աջակցություն ցույց տալը նպատակ ունի խրախուսել լավ սովորողներին:
«Երբ Էջմիածնի շրջանի 3 դպրոցների տնօրեններից և ուսմասվարներից տեղեկացա, որ իրենց դպրոցներում կան լավ սովորող կարիքավոր աշակերտներ, որոշեցի ՀՊՏՀ օժանդակությամբ աջակցել նրանց ընտանիքներին: Բուհի ղեկավարության, աշխատակիցների և իմ ուսանողների ջանքերով հավաքված ողջ նյութական միջոցները ես և ուսանողները նվիրաբերեցինք աշակերտների ընտանիքներին՝ հյուրընկալվելով նրանց: Անչափ հուզում կար և մեր, և դպրոցականների աչքերում: Հետաքրքիրն այն էր, որ մենք անակնկալ այցելեցինք նրանց: Այս անգամ նյութական օգնություն ենք ցուցաբերել Էջմիածնի շրջանի 3 ընտանիքների: Հարկ է նշել, որ նրանք այն դպրոցների աշակերտներն էին, որոնց հետ բուհը համագործակցում է, և այդ աշակերտները հնարավոր է՝ դառնան մեր ուսանողները»,-նշեց տիկին Կարագուլյանը:
Լուսինե Կարագուլյանի խոսքով՝ ՀՊՏՀ անունից կազմակերպվում են բարեգործական բազմաբնույթ ակցիաներ՝ աջակցելու մանկատներին, ծերանոցներին. այս ակցիան տարբերվեց նրանով, որ հյուրընկալվեցինք դպրոցականների ընտանիքներին:
«Բանն այն է, որ հատկապես Ամանորին ընդառաջ մանկատներն ու ծերանոցները գտնվում են ուշադրության կենտրոնում, այնտեղ այցելում են մի շարք կազմակերպություններից, ուստի որոշեցինք այս անգամ այցելել դպրոցականներին»,- հավելեց Լ. Կարագուլյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին