«Հաշվապահական հաշվառում». նոր ուսումնական ձեռնարկ՝ ֆինանսական հաշվառման ամբիոնից

Դիտումների քանակ՝ 4124

ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնը՝ վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանի, դոցենտներ Անահիտ Մարջանյանի և Նելլի Օգանեզովայի հեղինակությամբ լույս է ընծայել «Հաշվապահական հաշվառում» ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար:

Ինչպես նշված է ծանոթագրությունում, ձեռնարկը շարադրված է «Հաշվապահական հաշվառում» (տնտեսագիտական մասնագիտությունների համար)  դասընթացի ծրագրին համապատասխան, կազմված է 11 գլխից, որտեղ ներկայացված են հաշվապահական հաշվառման տեսության և ֆինանսական հաշվառման հիմնահարցերը: Ձեռնարկում նաև ներկայացված են հաշվապահական հաշվառման առարկան, մեթոդը, կազմակերպումն ու տեխնիկան տնտեսավարման ժամանակակից պայմաններում, ինչպես նաև մեկնաբանված է ոչ ընթացիկ ակտիվների, սեփական կապիտալի, ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների, սեփական կապիտալի, ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունների հաշվառման կարգը՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:   

 ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ալվարդ Սարգսյանը նշեց, որ ձեռնարկն արդեն իսկ լայն արձագանք է գտել ընթերցողների կողմից, թեպետ դեռ չի տարածվել գրադարանում և գրախանութներում:

«Սույն  ձեռնարկը համապատասխանում է ժամանակակից, վերանայված ստանդարտներին և ծրագրին: Հետաքրքրությունը  մեծ  է ոչ միայն ուսանողների, ովքեր հասցրել են կարդալ ձեռնարկը, այլև դասախոսների, մասնագետների կողմից: Ավելի քան 1 տարի կատարել ենք ծավալուն աշխատանք: Նշեմ, որ 2014 թվականին նախատեսվում է հրատարակել ձեռնարկի գործնական մասը՝ խնդրագիրքը», -հավելեց Ալվարդ Սարգսյանը:

Ձեռնարկի համահեղինակ Անահիտ Մարջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն (ձեռնարկը) ուսանողի պահանջով է ստեղծվել, քրտնաջան աշխատանքի արդյունք է, պարունակում է մասնագիտական օգտակար և անհրաժեշտ տեղեկություններ:

Նշենք, որ գիրքն առաջիկայում ուսանողներին հասանելի կլինի բուհի գրադարանում: Ինչպես նշեցին հեղինակները, պահանջարկից ելնելով, այն կվաճառվի նաև գրախանութներում:  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին