«ՀՀ-ում վենչուրային կապիտալի ձևավորման և շրջանառության հիմնախնդիրները» խորագրով բաց դաս՝ ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մագիստրատուրայի 1-ին կուրսի մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել էր բաց դաս: Ուսանողները դասի ընթացքում քննարկեցին «ՀՀ-ում վենչուրային կապիտալի ձևավորման և շրջանառության հիմնախնդիրները» թեման:
Մագիստրանտները շնորհանդեսի տեսքով ներկայացրեցին և վերլուծեցին «Վենչուրային հիմնադրամների դերը ազգային ինովացիոն համակարգի ստեղծման մեջ», «Վենչուրային կապիտալ», «Վենչուրային հիմնադրամների էությունը, դերն ու նշանակությունը», «Վենչուրային հիմնադրամների էությունը, դերն ու նշանակությունը», «Վենչուրային ներդրողների գործունեության կազմակերպումը», «ՀՀ-ում վենչուրային կապիտալի ձևավորման փորձը» և այլ թեմաներ:
Դասի կազմակերպիչ, վորոնշյալ ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Ծովինար Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մագիստրանտների կողմից մեծ է հետաքրքրությունը բաց դասերի նկատմամբ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս նրանց կատարել ինքնուրույն աշխատանք և վերլուծել այն: Դասախոսը կարևորեց նաև բանավոր հաղորդակցության, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու մշակույթի զարգացումը, որին նպաստում են բաց դասերը:
Մագիստրանտները նշեցին, որ բաց դասի թեման հետաքրքիր է և քննարկման կարիք ունի: «Կարևորում եմ բաց դասերի միջոցով երկրի տնտեսության համար կարևոր թեմաների համընդհանուր քննարկումը: Վերլուծելով և քննարկելով միջազգային փորձը, հատուկ մեթոդաբանությունն ու մեխանիզմները՝ կարելի է այն օգտագործել մեր երկրի զարգացման համար»,-ասաց ուսանող Անի Հունանյանը:
«Բաց դասերը հնարավորություն են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել կարևոր թեմաներ, հանդես գալ սեփական վերլուծությամբ և կարծիքով, լսել նաև այլոց կարծիքները և պարզաբանել դրանք»,- հավելեց մագիստրանտ Հեղինե Օհանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին