ՀՊՏՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում հավանություն տրվեց բուհի տարեկան հաշվետվությանը
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ բուհի ղեկավարության, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների մասնակցությամբ:
Համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2013 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» զեկուցմամբ:
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, հաշվետվությունն ընդգրկում է համալսարանի գործունեության տարբեր բնագավառներում ձեռնարկված փոփոխությունների մանրամասն նկարագրությունը և վիճակը հաշվետու տարվա վերջի դրությամբ: Բացի դրանից, ներկայացվում են ենթակառուցվածքային, ռեսուրսային, որակական ցուցանիշները՝ կապված ուսումնական գործընթացի արդյունքների, ինչպես նաև մի շարք նախագծերի հետ»,- նշեց ռեկտորն ու առանձին-առանձին ներկայացրեց բուհի տարբեր ոլորտները, իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները: Կորյուն Աթոյանն անդրադարձավ համալսարանի կրթական գործունեության կազմակերպմանը, ներկայացրեց պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների, ուսման առաջադիմության, փոխատեղման, հեռացված, ազատված և վերականգնված ուսանողների թվերը, կրթության որակին վերաբերող խնդիրները, ուսանողների փորձառության կազմակերպման պատկերը, ուսումնամեթոդական աշխատանքները:
Ռեկտորը մանրամասն ներկայացրեց նաև համալսարանում գիտահետազոտական և միջազգային գործունեությունը, հասարակայնության հետ կապերի ուղղությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքներն ու ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող քայլերը, անդրադարձավ համալսարանի տնտեսական գործունեությանը: Ռեկտորը հաշվետվությունն ամփոփեց 2013թ բյուջեի կատարողականի և 2014 թ բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների ներկայացմամբ: Բուհի ղեկավարը հայտնեց, որ հունվարից 10 տոկոսով կբարձրացվի նաև աշխատակիցների աշխատավարձը:
Կորյուն Աթոյանի զեկուցումից հետո ելույթ ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը բարձր գնահատեց բուհի ղեկավարության կողմից անցնող տարում իրականացված աշխատանքները և ասաց, որ դրանք կարելի է համարել նույնիսկ գերազանց, ոչ թե բավարար, ինչպես ընդունված է:
«Խորին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բուհում կատարվող դրական փոփոխությունների ու ձեռքբերումների համար, որոնք ակնհայտ են: Շնորհակալություն նաև, որ կարողանում եք հնարավորություն գտնել նաև աշխատավարձը բարձրացնելու համար, ինչը շատ կարևոր է այս սոցիալ-տնտեսական պայմաններում»,- նշեց ֆակուլտետի դեկանը: Աշոտ Մաթևոսյանը նաև խնդրեց ավելի շատ գումարներ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին՝ շեշտելով, թե այդ աշխատանքները բավական արդյունավետ են լսարան մտնող գիտնական մանկավարժների համար:
Մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը նույնպես իր և աշխատակիցների անունից շնորհակալություն և գոհունակություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ որդեգրած «Մենք փոխվում ենք» կարգախոսը համապատասխանում է գործունեությանը: Արարատ Զաքարյանը նաև նշեց, որ զգացվում է մայրենի լեզվով մասնագիտական գրականության պակաս և դրանց հրատարակության հարցում հայցեց ղեկավարության աջակցությունը:
Գիտխորհուրդը միաձայն հավանության արժանացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2013 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները և հանձնարարեց ռեկտորատին հաշվետվությունը ներկայացնել համալսարանի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:
Այսքանով ավարտվեց գիտխորհրդի ընդլայնված նիստը: Աշխատակիցներն ու ուսանողները դուրս եկան դահլիճից, գիտխորհուրդն՝ իր հիմնական կազմով, շարունակեց նիստը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին