Վարդգես Սուրենյանց. մեծ արվեստագետի մասին` երգի, պարի, ասմունքի լեզվով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1554

Գեղանկարիչ, որմնանկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, գրքի նկարազարդման վարպետ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, հասարակական գործիչ. այսպես կերպավորվեց Վարդգես Սուրենյանցն այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, դասախոսներ., ուսանողներ:

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն իրենց առջև խնդիր էին դրել գրական-երաժշտական այս միջոցառմամբ ներկայացնել հայ կերպարվեստի պատմության մեջ իր ուրույն ձեռագիրն ունեցող, հայ ժողովրդի կյանքն ու ճակատագիրը հայրենասիրական շեշտադրումներով ու խոհականությամբ  մարմնավորող արվեստագետին: Վարդգես Սուրենյանցի կյանքին ու ստեղծագործությանը հանգամանալից անդրադարձ կատարելով` ուսանողները լուսապատկերներով  ցուցադրում էին մեծ նկարչի կտավները, վերլուծում ու մեկնաբանում դրանք և մեջընդմեջ հանդես գալիս երաժշտական համարներով, պարով, ասմունքով, թատերական փոքրիկ ներկայացմամբ:

«Վաղուց էի մտահղացել Վարդգես Սուրենյանցին նվիրված միջոցառում կազմակերպել, իսկ երբ դասընկերներիս ներկայացրեցի, անմիջական արձագանքի արժանացավ գաղափարս, և սկսեցինք սցենար պատրաստել: Ես նկարում եմ, և Սուրենյանցի արվեստն ինձ շատ հոգեհարազատ է: Կցանկանայի որ իմ սերնդակիցներն էլ նրան լավ ճանաչեին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մարքեթինգի ամբիոնի դասախոսներ Լիլիթ Դադայանին և Արմեն Գրիգորյանին, ովքեր նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրենց խորհուրդներով մեզ աջակցեցին»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի, կուրսի ավագ Աննա Ալավերդյանը: Նա ավելացրեց նաև, որ իրենց նպատակն էր ցույց տալ և ընդգծել Վարդգես Սուրենյանց հայրենասեր պատմանկարչի և ստեղծագործական արտահայտչականության հասած ստեղծագործողի կերպարը և մշակութային ժառանգությունը:

Հանդիսատեսի արձագանքը հավաստեց, որ մեր ուսանողներին դա հաջողվել էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին