«Տնտեսական զարգացում» ուղղության շրջանակներում «Ամբերդի» հետազոտողների ուսումնասիրությունը

Դիտումների քանակ՝ 1200

ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հերթական գիտական սեմինարը՝ «Տնտեսական զարգացում»  խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, աշխատակազմը, դասախոսներ, ուսանողներ:

Նշենք, որ հետազոտական խմբի կազմն է ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյան (ղեկավար), տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Վարդանյան, տ.գ.թ., դոցենտ Արսեն Պետրոսյան, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյան, տ.գ.թ., ասիստենտ Հասմիկ Ջուհարյան, ասպիրանտ Հայկ Մինասյան:

Հետազոտությունն անդրադարձել է մի շարք խնդիրների, ինչպես օրինակ՝ ինչպես ձևավորել մրցունակ տնտեսական համակարգ, տնտեսական աճի հայեցակարգից ինչպես  անցում կատարել տնտեսական զարգացման հայեցակարգին, արտասահմանյան կապիտալի ներդրումների համար Հայաստանը դարձնել գրավիչ երկիր, ստեղծել տեխնոլոգիական հասարակարգի ձևավորման նախադրյալներ, ապահովել արտաքին շուկա մրցունակ արտադրանք թողարկելու պայմաններ, բարձրացնել բնակչության կենսամակարդակը:

Սեմինարի ղեկավար Հովսեփ Աղաջանյանը ամփոփ ներկայացրեց իրենց  խմբի կատարած աշխատանքը, այնուհետև խոսքը փոխանցեց անդամներին:

Սեմինարն սկսեց Ատոմ Վարդանյանը՝ խոսելով տնտեսական զարգացման հայեցակարգի ընկալումների մասին: Վերլուծվեց Հայաստանի ներկա տնտեսական վիճակը: Տնտեսագիտության դոցենտն անդրադարձավ «Տնտեսական զարգացման էությունն ու ընդհանուր ընբռնումը », «Պետությունը և պատասխանատու զարգացման մարտահրավերը», «Մեթոդաբանական մոտեցումները զարգացման ուսումնասիրություններում», «Տնտեսական զարգացման հիմնական բնութագրերը և ուղղությունները» և այլ թեմաների:

Հաջորդիվ հետազոտության արդյունքները շարունակեց ներկայացնել Արսեն Պետրոսյանը՝ նշելով տնտեսական զարգացման և կայուն զարգացման սկզբունքային տարբերությունները: Թվային ցուցանիշներով ներկայացվեցին ԱՊՀ երկրների շրջանում կատարած ուսումնասիրություններ, ինչպես օրինակ՝ գիտական հետազոտություններին և մշակումներին հատկացված ծախսերի բաշխումը:

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ «Տնտեսական զարգացում և քաղաքական կայունություն», ինչպես նաև այլ թեմաների՝ վերհանելով տնտեսական զարգացման ապահովման հիմնական սկզբունքները:

Խմբի մյուս անդամները ևս ներկայացրեցին հետազոտության  արդյունքները:

Մասնակիցների կողմից հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին