75-ամյա հոբելյանի առիթով ռեկտորատում շնորհավորեցին պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանին

Դիտումների քանակ՝ 977

ՀՊՏՀ ռեկտորատն այսօր կայացած նիստում շնորհավորեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանին՝ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հոբելյարին շնորհավորական ուղերձ և համալսարանի ոսկե հուշամեդալ հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Համալսարանի կոլեկտիվի անունից պրոֆեսորին ուղղված ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր պրպտուն, աշխատասեր խառնվածքով Դուք խորամուխ եք եղել գիտական հետազոտության բնագավառում, մանկավարժական գործունեության մեջ և իրավամբ դասվել մեր համալսարանի այն դասախոսների շարքին, ովքեր իրենց գործն անում են արժանապատվության, պատասխանատվության  ու խղճի թելադրանքով։ Հետազոտելով շահույթի և շահութաբերության, արտագաղթի և ներգաղթի սոցիալ-տնտեսական հետևանքների հիմնախնդիրները և հեղինակելով գիտական ու մեթոդական շուրջ չորս տասնյակ աշխատություններ, այդ թվում ուսումնական ձեռնարկներ` Դուք ապացուցել եք, որ ուրույն գիտական խոսք կարող եք ասել տնտեսագիտության բնագավառում։ Իսկ Ձեր մանկավարժական ձիրքի ու երիտասարդության հանդեպ ունեցած սիրո ու լավատեսության ապացույցն են աճող սերնդի կրթության, դաստիարակության գործին  անմնացորդ նվիրումը,  ջանասեր ու առաջադեմ ուսանողների հանդեպ հոգածությունը, անշահախնդիր աջակցումը։ 1995 թվականին նշանակվելով նորաստեղծ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ` Դուք ստեղծեցիք համերաշխ ու աշխատունակ կոլեկտիվ, որտեղ հասակ առան գիտության նոր թեկնածուներ, ու դոկտորներ և 2006 թվականին Ձեզ արժանիորեն շնորհվեց պրոֆեսորի կոչում։ Հարգելի Գրիգոր Աղաջանյան, գիտնական մանկավարժի Ձեր անցած ճանապարհը թույլ է տալիս Ձեզ հպարտորեն քայլելու` վայելելով Ձեր գործընկերների ու սաների սերն ու հարգանքը»։

«Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և աշխատակիցների անունից հոբելյանի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մեր բուհի վաստակաշատ և երկարամյա աշխատակցին, մաղթում առողջություն, հաջողություն և ցանկանում, որ դեռ երկար աշխատեք այս հրաշալի կոլեկտիվում»,- հոբելյարին շնորհավորելիս ընդգծեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Գրիգոր Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց  երկարատև գիտամանկավարժական աշխատանքը բուհի բարձր պարգևով գնահատելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին