Ավելի քան 700 ուսանողի ուսման վարձ փոխհատուցվել է. տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մանդատային հանձնաժողովն ավելի քան 700 ուսանողների ուսման վարձը զեղչելու որոշում է կայացրել: Այս մասին այսօր տեղի ունեցած ռեկտորատի նիստում հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ զեկուցելով 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսանողների ուսման վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովի որոշման մասին հարցը:
Ինչպես զեկուցեց պրոռեկտորը, ուսման վարձի զեղչման համար հանձնաժողովը ստացել է 913 դիմում, որից 716 դիմումը բավարարվել է, այսինքն՝ այդքան ուսանողի ուսման վարձ մասնակի փոխհատուցվել է: «Առկա բակալավրիատում և հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերում զեղչվել է այն ուսանողների վարձը, որոնց ՄՈԳ-ը 60 և ավելի է, հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսի համար զեղչվել է այն ուսանողների վարձը, որոնց առաջադիմությունը 3,5 բալից ավելի է, առկա և հեռակա մագիստրատուրայում զեղչվել է 70 և ավելի ՄՈԳ ունեցող երեխաների վարձը»,- ասաց Միհրդատ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում պրոռեկտորը տեղեկացրեց, որ զեղչվել են նաև Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով տուժած համայնքների բնակիչների ուսանողների վարձը: Ռեկտորատը հաստատեց մանդատային հանձնաժողովի որոշումը:
ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2013-2014 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանների և լուծարքների ժամանակացույցը ներկայացրեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը: Սիրելի ուսանողներ, երկուշաբթի ուսումնակազմակերպական բաժնից կտրամադրեն այդ ժամանակացույցը, որը մենք կհրապարակենք: ՀՊՏՀ մագիստրատուրայի լուծարքների գնահատման կարգի մասին զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
«Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսի աշխատանքների բարելավման վերաբերյալ 2013թ. հոկտեմբերի 21-ի ՀՊՏՀ ռեկտորատի հանձնարարականի կատարման մասին զեկուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Հովսեփ Աղաջանյանը: Շեշտադրվեց հանդեսի աշխատանքները որակական նոր աստիճանի վրա դնելու, այն միջազգային ասպարեզ դուրս բերելու, տպագրվող հոդվածները որակապես ավելի բարելավվելու, հրատարակության պարբերականությունը կարգավորելու և մի շարք այլ հարցեր: Ռեկտորատը որոշեց խնդրի քննարկման նպատակով հանձնախումբ ստեղծել:
Օրակարգի հարցերից հետո քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին