ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Տեմպուսի HEN-GEAR նախագծի հավաք-հանդիպում

Դիտումների քանակ՝ 1123

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր առավոտյան սկիզբ առավ  Տեմպուս ծրագրի  «Հայաստանի բուհերի շրջանավարտների ծառայողունակության բարձրացման և մարդկային կապիտալի գնահատման  բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) նախագծի գործունեության մեկ տարվան նվիրված գործընկերների և շահագրգիռ կողմերի հավաք-հանդիպում (այնուհետև շարունակվեց ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում):

Մասնակիցներին ողջունեց, հագեցած ու արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Հանդիպմանը մասնակցում էին Տեմպուսի մեր բուհի ծրագրերը  համակարգող Ներսես Գևորգյանը, Բոլոնիայի Ալմա Լաուրեայի միջհամալսարանական կոնսորցիումի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Անդրեա Կամելլին, ներկայացուցիչներ գործընկեր համալսարաններից և կազմակերպություններից:

Հանդիպումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում բոլոր շահառու և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նախագծի համակարգող Իտալիայի Ալմա Լաուրեայի միջհամալսարանական կոնսորցիումը ներկայացրեց HEN-GEAR նախագծի հիմնական նպատակները, սպասվելիք արդյունքները և իրականացման ներկայիս վիճակը: Ելույթ ունեցավ պրոֆեսոր Անդրեա Կամելլին`  «Ալմա Լաուրեայում և Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների աշխատունակության բարձրագույն կրթական ցանց. ընդհանուր նկարագիր»թեմայով:

Հանդիպման երկրորդ մասում նախագծի գործընկերները և շահագրգիռ կողմերը քննարկեցին նախագծի իրականացման առաջիկա անելիքները, առկա խնդիրները և լուծման ուղիները:

Հիշեցնենք, որ Հայաստանում Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացվում է «Հայաստանի բուհերի շրջանավարտների ծառայողունակության բարձրացման և մարդկային կապիտալի գնահատման  բարձրագույն կրթության ցանց»   (HEN-GEAR) նախագիծը, որի մասնակիցն է նաև մեր համալսարանը: Այն մեկնարկել է 2012-ի հոկտեմբերին և ավարտվելու է 2015-ի հոկտեմբերին:

Նախագծի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Հիմնադրվող մոդելը կրկնօրինակելու է Բոլոնիայի Ալմա Լաուրեայի միջհամալսարանական կոնսորցիումի կողմից ստեղծված և Իտալիայում ու այլ երկրներում արդյունավետ գործող նմանատիպ մոդելը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին