Ավարտվեց «Ուսանողական աշուն-2013» փառատոնը. հայտնի դարձավ ՈւՀԱ հաղթող թիմը

Դիտումների քանակ՝ 823

ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր կայացավ «Ուսանողական աշուն-2013» մարզամշակութային փառատոնի վերջին միջոցառումը, որն ուսխորհրդականները մատուցեցին  երգ ու պարի գեղեցիկ  ներկայացումներով: Հանդես եկան ուսանողներ  բոլոր ֆակուլտետներից՝ ազգային, արտասահմանյան երգերով  ու պարերով:

Երեք աշնանային  օր՝ նոյեմբերի 27-ին, 28-ին և 29-ին  համալսարանական կյանքը հիշարժան դարձրին ՈւՀԱ-ականները, ՀՊՏՀ տաղանդավոր՝ երգող, պարող ուսանողները: Այսօրվա ելույթը ևս հետաքրքրական էր, մշակութային և միաժամանակ՝ խելահեղ. ուսանողների ոգևորությունն անսահման էր:

Միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնվեցին փառատոնի հաղթողներին: Այսպիսով, ՈւՀԱ հաղթող ճանաչվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: Պարի մրցույթում 1-ին հորիզոնականը  զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետը, 2-րդը՝ հաշվապահական հաշվառման  և  աուդիտի, 3-րդը՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը: Երգի մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, 2-րդը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, 3-րդը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգին արժանացավ կառավարման, «Լավագույն երաժշտական համար» անվանակարգին` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: Երկու՝ «Հանդիսատեսի համակրանք» և «Լավագույն հումոր»  անվանակարգերում  մրցանակ ստացավ ֆինանսական ֆակուլտետը:   «Ուսանողական աշուն» մարզամշակութային այս տարվա փառատոնում լավագույն ֆակուլտետ  ճանաչվեց  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ուսանողական խորհրդին՝ հետաքրքիր մշակութային միջոցառումների կազմակերպման և բոլոր ֆակուլտետներին՝ մրցանակների արժանանալու առիթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին