ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողների դասերը մեկնարկեցին

Դիտումների քանակ՝ 1823

ՀՊՏՀ-ում այսօր արտասահմանցի ուսանողների համար կազմակերպվող բակալավրական ծրագրի առաջին դասն էր՝ մաթեմատիկա առարկայից ՀՊՏՀ այս տարի ընդունված արտասահմանցի ուսանողների այս խումբը բաղկացած է  14 ուսանողից, այդ թվում՝ 13-ը Հնդկաստանի քաղաքացի, 1-ը՝  Էստոնիայի (ազգությամբ հայ):

Օտարերկրացի ուսանողներին դասերի մեկնարկի կապակցությամբ ողջույնի խոսք ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն, ով կարևորեց ուսանողների սովորելու պատրաստակամությունը: Պրոռեկտորը ողջունեց ուսանողների մուտքը մեր երկիր, ապա՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, նշեց, որ   Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է, ինչպես Հնդկաստանը:

«Դուք այստեղ եք, որպեսզի բարելավեք ձեր գիտելիքների մակարդակը, ամրապնդեք  երկու երկրների միջև մշակութային կապը:Մենք ունենք լավ պրոֆեսորադասախոսական կազմ, ամեն ինչ անելու ենք ձեզ օգտակար լինելու համար, սակայն շատ բան  կախված է ձեզնից. պետք է ունենաք գիտելիքներ յուրացնելու մեծ ձգտում»,- ասաց Գագիկ Վարդանյանն ու նշեց, որ ցանկացած խնդրի դեպքում ուսանողներն անկաշկանդ կարող են դիմել բուհի ղեկավարությանը:

Այսօր նաև օտարերկրացիների նախապատրաստական խմբի  դասերի մեկնարկն էր:

«Նախապատրաստական խմբի դասընթացների հիմնական նպատակը բակալավրիատի համար ուսանողներ պատրաստելն ու ընդունելությունը կանխատեսելի դարձնելն է: 6 –ամսյա կուրսի ընթացքում օտարերկրացիներն անցնում են հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ, մաթեմատիկա, մասնագիտական ներածություն առարկաները»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Առաջին դասը սկսվեց 12.35-ին, նախապատրաստական խմբի ուսանողներին ևս  ողջունեց Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով միջմշակութային կապերի ամրապնդման կարևորությունը:

Նշենք, որ ՀՊՏՀ-ն օտարերկրացի ուսանողներին  ապահովում է կեցության պայմաններով. այժմ նրանք ապրում են «Տնտեսագետ» տանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին