Մեր դասախոսը` հանրակրթական դպրոցի դասագրքերի համահեղինակ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ լույս ընծայված հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Աշխարհագրություն» («Աշխարհ» խորագրով) դասագրքի խմբագիրը, համահեղինակը (հեղինակային խումբ` Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան), գծապատկերների ու քարտեզների հեղինակն է մեր համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Ռուդիկ Մարգարյանը: Հեղինակների նույն խմբի ջանքերով է պատրաստվել նաև այդ դասագրքի «Ուսուցչի ձեռնարկը»:
Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դոցենտ Մարգարյանը նշեց, որ այժմ հրատարակության է պատրաստվում «Աշխարհագրություն» («Տարածաշրջաններ» խորագրով) դասագիրքը 8-րդ դասարանցիների համար և մասնավորապես նշեց.
«Մեր մոտեցումն այս նոր դասագրքերում նախորդներից տարբերվում է նրանով, որ պատրաստվել է կրթական բարեփոխումների ծրագրի համաձայն, ավագ դպրոցին անցնելու առիթով հանրակրթական դպրոցի 7-8-րդ դասարանների առարկայական ծրագրերի բեռնաթափման և դրանցում առավել բարդ թեմաները ավագ դպրոցի ծրագրերին փոխանցելու տրամաբանությամբ և հաշվի առնելով համաշխարհային տնտեսական փոփոխությունները»:
Նշենք, որ դոցենտ Մարգարյանը մեր համալսարանում գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ, 1999 թվականից ակադեմիկոս Գրիգոր Ավագյանի հետ միասին ձեռնամուխ է եղել հանրակրթական դպրոցի դասագրքերի ստեղծմանը և այդ շնորհակալ գործը անընդմեջ շարունակում է մինչ օրս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին