ՀՊՏՀ ՈւԳԸ 36-րդ նստաշրջանի 1-ին ֆակուլտետային փուլը՝ շուտով
Ի գիտություն ուսանողների՝ սույն թվականի դեկտեմբերի 16-20-ը տեղի է ունենալու ՀՊՏՀ ՈւԳԸ 36-րդ նստաշրջանի 1-ին ֆակուլտետային փուլը, որին կարող են մասնակցել բակալավրիատի ուսանողները: Տեղեկացնենք նաև, որ զեկուցումների ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը. այն պետք է ներկայացնել ֆակուլտետների ՈւԳԸ նախագահներին: 1-ին փուլի մրցանակակիրները և մագիստրանտները իրավունք կստանան մասնակցելու գիտաժողովի 2-րդ փուլին (մագիստրանտներն ազատված են 1-ին փուլից և միանգամից մասնակցում են 2-րդ՝ համահամալսարանական փուլին), որը տեղի կունենա 2014թ. մայիսին, Ծաղկաձորում:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՈւԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, ով նշեց, որ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ուսանողական գիտական ընկերության նիստը՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, ֆակուլտետների ՈւԳԸ նախագահների և ղեկավարների մասնակցությամբ: Այդ օրը քննարկվել են մի շարք հարցեր, հիմնականում 3 առանցքային հարց՝ ՈւԳԸ 36-րդ նստաշրջանի ֆակուլտետային փուլի կազմակերպչական հարցերը, զեկուցումների բարելավման ուղիները, ՈւԳԸ ֆակուլտետների նախագահների, ամբիոնների, դեկանների հետ աշխատանքի ճիշտ համակարգումը:
Ինչպես փոխանցեց Վլադիմիր Գևորգյանը, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորել է ՈւԳԸ-ի աշխատանքը և հույս հայտնել, որ զեկուցումները կհասնեն որակական նոր՝ ավելի բարձր մակարդակի և ՈւԳԸ հաղթողները հետագայում կներգրավվեն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքներում: Նա նաև նշեց.«Հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրել ենք կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև՝ ֆակուլտետների նախագահների և ղեկավարների լավ փոխհարաբերությունների միջոցով ավելի բարձր ներգրավվածություն ապահովելու հարցերի վրա»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին