«Երիտասարդները պետք է իրազեկ լինեն ՄԻԱՎ-ի մասին». ՀՊՏՀ-ում ցուցադրվեց ֆիլմ

Դիտումների քանակ՝ 884

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ  այսօր ՀՊՏՀ-ում էին հյուրընկալվել «Խոսի'ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի'ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»  ծրագրի ներկայացուցիչները:

Դեկտեմբերի 1-ին աշխարհում նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ինչպես տեղեկացնում են ծրագրի ներկայացուցիչները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, միշտ լինելով երիտասարդների կողքին, անմասն չի մնում ՄԻԱՀ-ի դեմ  պայքարի եվրոպական նախաձեռնությունից և Հայաստանի տարբեր շրջաններում՝ Երևանում և մարզերում ծրագրի շրջանակներում  իրականացնում է հանդիպումներ:

Ուսանողներին բաժանվեցին հարցաթերթիկներ, որոնց միջոցով կազմակերպիչները պետք է պարզեն, թե որքանով են ուսանողներն իրազեկ ՄԻԱՎ-ի փոխանցման եղանակների, կանխարգելման միջոցների և այլնի մասին:

Ուսանողների համար ցուցադրվեց ճանաչողական եռալեզու (ռուսերեն, անգլերեն, հայերեն)  ֆիլմ, որը պատմում է  դարի հիվանդություններից մեկի, դրա կանխարգելման եղանակների մասին: Ֆիլմը սկսվում էր «Եղեք միմյանց հավատարիմ, մի վտանգեք ձեր կյանքն ու ընտանիքի ապագան» կարգախոսով տեսանյութով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Խոսի'ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի'ր ՄԻԱՎԻ վերաբերյալ»  ծրագրի  համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ կարողանան ազատորեն խոսել ՄԻԱՎ-ի մասին, կամավոր հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան բուժում ստանան. բուժումը ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է երկար տարիներ ապրել առողջ և լիարժեք կյանքով:

«Այսօրվա երիտասարդները, ուսանողները վաղվա ռիսկային և խոցելի խմբում հայտնվող մարդիկ են, ովքեր ապահովագրված չեն ՄԻԱՎ-ից, ուստի նրանց՝ հիվանդության մասին տեղեկացվածությունը կօգնի հնարավորինս հեռու մնալ ՄԻԱՎ-ից, ապրել առողջ ապրելակերպով»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին