Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որը սկսվեց ՀՊՏՀ-ում աշխատանքային և ուսումնական կարգապահության մասին հարցի քննարկմամբ:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանձնարարությամբ ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանն ու օգնական Ռոբերտ Համբարձումյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 30-ն ուսումնասիրություն են կատարել համալսարանի ֆակուլտետներում՝ հետևելով գործավարության վարման կարգին, դասամատյաններում բացակայությունների և ակտիվությունների մասին գրանցումներին, աշխատանքային կարգապահությանը, դասաձախողումներին, դասատախտակների կազմման, ռեկտորատի և գիտխորհրդի որոշումների՝ ֆակուլտետների խորհուրդներում և ամբիոններում քննարկման հարցերին: Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գրիգոր Կիրակոսյանը՝ նախ ընդգծելով, որ նախորդ ուսումնասիրությունից հետո իրավիճակը բավական բարելավվել է, ապա ուշադրություն հրավիրեց արձանագրված խնդիրների վրա, որոնք վերաբերում էին վերը թվարկված ուղղություններին: Ռեկտորի խորհրդականը շեշտեց, որ նման ուսումնասիրությունների արդյունքը համալսարանի աշխատանքն առավել բարելավվելն է: Որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց Ռոբերտ Համբարձումյանը: Հարցի ներկայացումից հետո ռեկտորատի անդամներին տրվեց առկա խնդիրները լուծելու մասին հանձնարարական:
2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին միջանկյալ ստուգման արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ միջանկյալ ստուգումն անցել է ժամանակացույցին համապատասխան, առանց շեղումների:
Ռեկտորատը քննարկեց նաև բարձր առաջադիմությամբ սովորող սոցիալապես անապահով ուսանողների համար սահմանված կրթաթոշակների չափորոշիչների մասին հարցը և կատարեց հստակեցումներ: Առաջիկայում այս հարցի մասին որոշումն ամբողջությամբ կտեղադրվի համալսարանի պաշտոնական կայքում:
Վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին