«Հայացք ապագային» համաժողով-ցուցահանդեսում ՀՊՏՀ ՈՒԽ-ն արժանացավ պատվոգրի (լուսանկարներ)
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն արժանացել է պատվոգրի՝ նոյեմբերի 12-14-ը Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերի առիթով անցկացված «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովին՝ լավագույն տաղավարը ներկայացնելու համար: Համաժողովն ամփոփվել և արդյունքներն էլ հայտնի են դարձել այսօր
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստերի սրահում անցկացված «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական եռօրյա համաժողով-ցուցահանդեսի շրջանակներում ավելի քան 60 կազմակերպությունների անդամներ ներկայացրեցին իրենց գործունեությունը, նվաճումները, գաղափարներն ու ծրագրերը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ՀՊՏՀ ուսանողակյան խորհուրդը:
«Նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումներից չի կարող անմասն մնալ մեր բուհը, հետևաբար մեր ուսանողական խորհուրդն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց այս համաժողով-ցուցահանդեսին: Միջոցառման նպատակն էր՝ տաղավարների միջոցով արտահայտել ու ներկայացնել տվյալ կազմակերպության գործունեությունը, նվաճումները, գաղափարներն ու ծրագրերը: Մեր ուսանողները ջանք ու եռանդ չեն խնայել՝ ՀՊՏՀ-ն լավագույնս ներկայացնելու համար: Նշեմ, որ մեր տաղավարն առանձնանում էր իր յուրօրինակ ու շքեղ տեսքով», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՈՒԽ նախագահը:
Ինչպես նշում են մեր ուսխորհրդականները՝ ՀՊՏՀ տաղավարը բաղկացած էր 2 հիմնական բաժնից. առաջին մասում ներկայացված էր ուսանողական խորհրդի գործունեությունը, աշխատանքը և առաքելությունը, իսկ 2-րդ բաժինը նվիրված էր կառույցի բոլոր տարիներին ունեցած նվաճումներին՝ գավաթներ, պատվոգրեր և այլ նմուշներ:
Շնորհավորում ենք մեր ուսանողական խորհրդին, մաղթում բազում հաղթանակներ:
Հ. Գ. Վերջին երկու լուսանկարը՝ ՀԵՀ-ի պաշտոնական կայքից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին