Ուսանողների մասնակցությամբ հետազոտական ծրագրի մեկնարկ «Ամբերդ» կենտրոնի կողմից

Դիտումների քանակ՝ 986

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավարությունը ուսանողներին հետազոտական ծրագրերում ներգրավելու նախագիծ է սկսել: Անդրանիկ ծրագրի մեկնարկը տրվել է կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում՝ «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանի գլխավորությամբ:

«Հաշվի առնելով, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նպատակներից են համալսարանի ինտելեկտուալ մտքի համախմբումը, կրթական գործընթացների հետ գիտական հետազոտությունների կապի ապահովումը և գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավումը՝ մենք նախաձեռնել ենք ուսանողների կողմից իրականացվող անդրանիկ հետազոտական նախագիծը, որի յուրահատկությունը նրանում է, որ հետազոտական խումբը բաղկացած է բացառապես ուսանողներից: Իհարկե, այդ գործընթացը համակարգվում է Կենտրոնի աշխատակազմի կողմից, իսկ եթե առավել կոնկրետ՝ հետազոտությունն իրականացվում է «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով ծրագրի բովանդակությանն, ասաց «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը:

Նրա խոսքով, ներկա պահին հետազոտողների խումբը (միջազգային տնտեսական հարաբերություններ, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողներ) բաղկացած է թվով վեց մագիստրանտներից, որոնց նպատակն է ուսումնասիրել աշխարհի առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» փորձը, մասնավորապես՝ իրականացվող հետազոտությունների թեմատիկ ուղղվածությունը, մեթոդաբանությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներգրավվման ձևաչափերն ու դրանց տեղայնացման հիմնահարցերը հայաստանյան համալսարանական հետազոտական կենտրոններում: «Միաժամանակ, թեմայի շրջանակներում հետազոտողները կուսումնասիրեն նաև Հայաստանի բուհական համակարգում գործող հետազոտական կենտրոնները, դրանց առջև ծառացած հիմնախնդիրները և այլ հարցեր: Հետազոտության վերջնանպատակն է՝ հետազոտությամբ ստացված արդյունքները տեղայնացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մասնավորապես՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Համոզված եմ, որ հետազոտական խմբի կողմից ստացված արդյունքներն օգտակար կլինեն Կենտրոնի կողմից միջազգային առաջավոր փորձի յուրացման և ՀՊՏՀ-ում ուսանողների կողմից միանգամայն նոր ձևաչափով հետազոտությունների իրականացման մշակույթի ներդրման համար, ինչը կարևոր քայլ կարելի է համարել բուհի կողմից որդեգրած հետազոտական համալսարան դառնալու ճանապարհին: Ավելորդ չէ նշել, որ հաջող իրականացման դեպքում՝ նախագծում ընդգրկված մագիստրանտներին բուհի ղեկավարությունը խոստացել է պարգևատրել»,- շարունակեց ծրագրի տնօրենը:

Մեր հարցին, թե ո՞րն է նման մոտեցման հիմնական նպատակը և արդյո՞ք նախատեսում եք գործընթացը դարձնել շարունակական, Վարդան Աթոյանն արձագանքեց.

«Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ապա «Ամբերդը», պարզապես, փորձում է համապատասխանել իր կոչմանը, որն է՝ բուհական գիտության արդիական համակարգ դառնալու ձգտումը: Իսկ իմ անձնական համոզմունքն է, որ ուսանողների համար պետք է ստեղծագործելու, ժամանակակից մեթոդներով, ձևաչափերով և արդիական թեմաների վերաբերյալ հետազոտական և գործնական փորձ ձեռք բերելու դաշտ ստեղծվի դեռևս համալսարանական տարիներին, ինչն էապես բարձրացնում է ինչպես ստացած կրթության որակը, այնպես էլ՝ համալսարանի հեղինակությունն ու վարկանիշը: Այդ գիտական, հետազոտական որոնումների ընթացքում ուսանողը ոչ միայն կբացահայտի իր ներուժը, այլև կբարձրացնի իր մասնագիտական որակները՝ դյուրացնելով ապագայում աշխատանք գտնելու և մասնագիտական ինքնաիրացման խնդիրը: Ինչ վերաբերում է գործընթացի շարունակականությանը, ապա, այո՛, մեր նպատակն է ոչ միայն ձևավորել նման ավանդույթ և այն անշրջելի դարձնել, այլև ընդլայնել դրա շրջանակները՝ աստիճանաբար մեծացնելով հետազոտությունների մեջ ներգրավված ուսանողների թվաքանակը»:

Բաժինը հյուրընկալեց և զրուցեց նաև հետազոտական աշխատանքն իրականացնող ուսանողների հետ: Նրանցից Ստելլա Հովսեփյանը նշեց. ««Ուղեղային կենտրոններն» (ՈւԿ)  իրականացնում  են ոչ միայն գիտահետազոտական  ուսումնասիրություններ, այլև դրանց հիման վրա լուծումներ են առաջարկում տնտեսության  և քաղաքականության զարգացման համար, որոնք կարող են կիրառելի լինել մեր երկրի համար: Մենք հիմնականում ուսումնասիրում ենք արտասահմանյան համալսարանների «ուղեղային կենտրոնները», ծանոթանում նրանց փորձին: Ուսումնասիրում ենք այս տարվա լավագույն 20 համալսարանների ՈւԿ-ները»:

Խմբի անդամներին Ռոզա Բուդաղյանը կարևորությամբ ընդգծեց այն փաստը, որ մեր հանրապետությունում հետազոտական կենտրոններից առաջինը ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնն   է, որն ունի ուսանողական  հետազոտական խումբ (ՈւԿ): «Հույս ունենք մեր բուհի հետազոտական կենտրոնը տեսնել աշխարհի լավագույն «ուղեղային կենտրոնների» շարքում: Այժմ  ուսումնասիրում ենք  Հարվարդի, Օքսֆորդի, Կոլումբիայի և այլ առաջատար համալսարանների «ուղեղային կենտրոնները», նաև կապ ենք հաստատում նրանց հետ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին