Որակավորման հավաստագրեր ստացան ՀՀ կրտսեր և առաջատար քաղծառայողները
«Հարգելի քաղծառայողներ, շնորհավորում եմ ձեզ դասընթացի ավարտի առիթով և մաղթում եմ, որ հաջորդ դասընթացին մասնակցեք որպես գլխավոր մասնագետներ»,- այսօր քաղծառայողներին որակավորման հավաստագրեր հանձնելուց հետո ասաց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Քրիստինե Գալստյանը: Այնուհետև լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին նա տեղեկացրեց, որ այդ խմբում ընդգրկված էին տարբեր գերատեսչություններից 33 առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղծառայողներ, ովքեր վերապատրաստվում էին «Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարման համակարգում» ծրագրով:
Նա ավելացրեց նաև, որ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը, համագործակցելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ և հիմք ընդունելով ՀՀ ՔԾԽ -ի կողմից ներկայացված 2013 թվականի ժամանակացույցը, այսօր ավարտեց վերջին խմբում հայտագրված ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները:
Հավաստագրերի հանձնման ընթացքում քաղծառայողները շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աշխատակից Աիդա Առուստամյանին հանձնեցին նամակ, որը շնորհակալական խոսք էր` ուղղված ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Քաղծառայողները մասնավորապես շնորհակալություն էին հայտնում դասընթացների արդյունավետ կազմակերպման, լավագույն պայմաններ ստեղծելու համար: Նրանք իրենց գոհունակությունն էին արտահայտում դասախոսներից և ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից` կազմակերպված ու բարեխիղճ աշխատանքի համար:
Կենտրոնից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին են տրամադրել նաև հետևյալ տեղեկատվությունը, որում նշվում է. «2013 թվականին ՀՊՏՀ-ն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հայտարարված ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի մրցույթում «Քաղաքաշինություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարման համակարգում» և «Պետական գույքի կառավարում» ծրագրերի հաղթող էր ճանաչվել: Համաձայն ՀՀ քաղծառայության խորհրդի կողմից հաստատված և ներկայացված ծրագրերի, Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարություններից և գերատեսչություններից Կենտրոնում 2013 թվականի մարտի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը վերապատրաստվել են 281 ՀՀ քաղծառայողներ, որոնցից 85-ը բարձրագույն և գլխավոր, իսկ 196-ը առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող մասնագետներ»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին