Լույս է տեսել «Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն

Դիտումների քանակ՝ 887

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ կազմակերպված  «Տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրը ՀՀ-ում» թեմայով հանրապետական գիտաժողովին ներկայացված զեկույցների հիման վրա հրատարակվել է «Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն: Այն ընդգրկում է տնտեսության տարբեր ճյուղերին ու ոլորտներին վերաբերող ուսումնասիրություններ, հետազոտություններ ու վերլուծություններ: Ժողովածուն հրատարակության է երաշխավորել   Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը, խմբագրական խորհրդի  կազմն է՝  տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյան (նախագահ), տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյան, ա.գ.թ., դոցենտ Նարեկ Հարությունյան, տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյան, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյան, տ.գ.թ.,դոցենտ Արմեն Քթոյան:

Ինչպես նշված է նախաբանում՝ հանրությանը ներկայացվող սույն ժողովածուն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեության թերևս առաջին գիտական արդյունքն է, որը հիմնված է վերոնշյալ թեմայով հանրապետական գիտաժողովին ներկայացված զեկույցների վրա: Զեկույցներում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսական քաղաքականությունը, հանրային կառավարումը, կրթությունը և գիտությունը: Քննարկումներում հնչեցված կարծիքներն ու տեսակետները կարևոր նշանակություն ունեցան բուհի գիտական և կրթական գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացման վրա:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինությունը հույս է հայտնում, որ գիտական հանրությանը օգտակար կլինեն գիտաժողովի նյութերը: Ժողովածուն կարող է օգտակար լինել գիտակրթական գործունեությամբ զբաղվող մասնագետների համար: Շնորհավորում  ենք  ժողովածուի լույսընծայման կապակցությամբ, մաղթում նոր հրատարակություններ: Առաջիկա օրերին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) կտեղադրվի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին