Տնտեսական արդի և հրատապ թեմաների քննարկում և հետազոտում. շարունակվում է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1169

«Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի շրջանակներում շարունակվում են  տնտեսական արդի թեմաներով զեկուցումները` տարբեր բաժանմունքներում: Այսօր ևս գիտական զեկուցումներով հանդես եկան ՀՊՏՀ  երիտասարդ և փորձառու գիտնականները: Առաջինն իր աշխատանքն սկսեց «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ» (համակարգող՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան) բաժանմունքը, որտեղ տ.գ.թ., դոցենտ Ալիսա Գևորգյանը հանդես եկավ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների ազգային համակարգի փորձի վերլուծություն և գնահատում» թեմայով զեկուցմամբ: Նրան հաջորդեց տ.գ.դ.,պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը`  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների որոշման մեթոդական մոտեցումները և գնահատման ցուցանիշները» թեմայով զեկուցմամբ:

Հաջորդիվ իր աշխատանքը սկսեց 4-րդ բաժանմունքը` տ.գ.դ.,պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանի ղեկավարությամբ: Վերջինս լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, եղել են հետաքրքիր զեկուցումներ, որոնք արծարծել են տնտեսական կարևոր  թեմաներ, առաջարկել մի շարք հիմնախնդիրների լուծումներ: «Որպես բաժանմունքի ղեկավար` կարևորում եմ նաև թեմայի վերաբերյալ արվող հարցադրումները և դրանց շուրջ բանավեճերի անցկացումը»,- ասաց նա: ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի շրջանակներում իր աշխատանքն է շարունակում նաև 2-րդ բաժանմունքը` տ.գ.դ.,պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի ղեկավարությամբ: Բացման խոսքում ղեկավարը կարևորեց ամենամյա գիտաժողովների անցկացումը և նշեց, որ զեկուցվող թեմաները լսելուց հետո հարցեր են ծագում, որոնք նույնպես կարող են դառնալ հետաքրքիր և օգտակար գիտական հետազոտությունների թեմաներ:

Աշոտ Սալնազարյանը, ընդգծելով գիտաժողովների կարևորությունը, նշեց, որ էական  է դրանց հատկապես ասպիրանտների մասնակցությունը: Յուրաքանչյուր զեկուցումից հետո բաժանմունքում գիտաժողովի մասնակիցները հետաքրքիր հարցադրումներ արեցին և ակտիվորեն քննարկեցին թեմային առնչվող մի շարք հարցեր: Այսօրվա զեկուցումների մեջ բաժանմունքի ղեկավար Աշոտ Սալնազարյանն առանձնացրեց հատկապես սփյուռքահայ Մասիս Սարքիս Սարքիսյանի (ասպիրանտ) զեկուցումը, որը «Ֆինանսական շուկաների զարգացման ուղղություններ և հեռանկարներ»  թեմայով էր: Ղեկավարի բնութագրմամբ` մեր սփյուռքահայ ասպիրանտն աչքի է ընկնում գիտության հանդեպ  տածած մեծ սիրով ու հետաքրքրությամբ:

Այսօր գիտաժողովի շրջանակներում զեկուցումներ հնչեցին նաև 1-ին բաժանմունքում, որը համակարգում է տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Գիտական զեկուցումները լսելու էին եկել դասախոսներ, ասպիրանտներ: Ելույթ ունեցան տ.գ.թ., դոցենտ Աշոտ Եղիազարյանը` «Գյուղատնտեսությունը և ժողովրդագրական հիմնախնդիրը տնտեսության զարգացման գործում» զեկուցմամբ,  ասպիրանտ Տիգրան Դավթյանը` «Կազմակերպության մրցունակության բարձրացման արտերկրյա փորձը և առկա խնդիրները» թեմայով և այլք: Զեկուցումներիների վերաբերյալ արվեցին հարցադրումներ, ծավալվեց քննարկում: Բաժանմունքներ էր այցելում և աշխատանքներին կարճ ժամանակով մասնակցում էր նաև գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ  ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի շրջանակներում գիտական զեկուցումների ներկայացումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը,  հոկտեմբերի 25-ին, կամփոփվեն գիտաժողովի արդյունքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին