Վաղը մեկնարկում է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 960

Վաղը` հոկտեմբերի 22-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կմեկնարկի «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի լիագումար նիստը, ՀՊՏՀ ռեկտոր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախագահությամբ, կսկսվի ժամը 10.00-ին, մասնակիցների գրանցումը` 09.00-ից:

Լիագումար նիստի ընթացքում կհնչի 3 զեկուցում:  «Համալսարանական գիտության և երկրի տնտեսական զարգացման քաղաքականության  առնչությունները» թեմայով զեկուցում կկարդա ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Գիտաժողովի երկրորդ զեկուցողն է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ ֆիզմաթ. գ. դ., պրոֆեսոր Սամվել Հարությունյանը` «ՀՀ գիտության ոլորտի զարգացման միտումները և խնդիրները» թեմայով զեկուցմամբ: ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ. Գագիկ Վարդանյանի զեկուցման թեման է «Գիտելիքի կառավարումը և տնտեսական զարգացումը»:

Նույն օրը գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի 4 բաժանմունքներում`  «Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն»,  «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն»,  «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ»,  «Միջազգային տնտեսական համագործակցություն» խորագրերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին